Մեքսիկական հայտնի հանգստավայր Ակապուլկոյում, որտեղ դեռ ուշքի չեն եկել «Մանուել» ցիկլոնի հարվածից, այժմ էլ տեղատարափ անձրեւներ են սկսվել։ Անձրեւները ջրհեղեղի պատճառ են դարձել որոշ շրջաններում, որտեղից տարհանում են բնակիչներին։ Ջրհեղեղի եւ «Մանուել» ու «Ինգրիդ» ցիկլոնների առաջացրած սողանքների զոհերի ընդհանուր թիվը հասել է 145-ի եւ կարող էաճել։
Ակապուլկոյի մի շարք շրջաններում, որտեղ ջրի մակարդակը հասել է մեկուկես մետրի, ընդհատվել է ավտոմեքենաների երթեւեկությունը, որոշ տների բնակիչներ ստիպված են ջրի հոսքերից փրկվել տանիքներին ապաստանելով։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են դպրոցական պարապմունքները, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Մեքսիկայում մի քանի տասնյակ մարդ դեռեւս անհետ կորած է համարվում։ Փրկարարական խմբերը սողանքների տակ մնացած մարդկանց են որոնում, թեեւ ողջ մնացածներին գտնելու հույս գրեթե չկա։
Պաշտոնական տվյալով՝ երկրում ջրհեղեղի հետեւանքով ավելի քան 1,2 մլն մարդ է տուժել։ Երկրի տարածքի մեծ մասում անձրեւները շարունակվում են եւ կտեղան եւս մի քանի օր։











