Ինդոնեզիայի Բալի կղզում անցկացված «Միս Աշխարհ-2013» մրցույթում հաղթել է ֆիլիպինուհի Մեգան Յանգը:

Առաջին տասնյակում են հայտնվել Գանայի, Ճամայկայի, Իսպանիայի, Ինդոնեզիայի, Անգլիայի, Նեպալի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Բրազիլիայի եւ Ֆիլիպինների ներկայացուցիչները: Եզրափակիչ փուլում Թոփ-5-ում հայտնվել են Ֆրանսիան, Ֆիլիպինները, Գանան, Բրազիլիան եւ Իսպանիան ներկայացնող գեղեցկուհիները:

Առանձին «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի է արժանացել միս Ջիբրաթարը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ավանդույթի համաձայն՝ «Միս Աշխարհ»-ի թագը հաղթողին է հանձնել նախորդ տարվա հաղթող, չինուհի Յուն Վենսյան:

Այս տարի մրցույթը, որը ուղիղ եթերում հեռարձակվել է ավելի քան 180 երկրներում, Ինդոնեզիայում արմատական իսլամիստների բողոքի ակցիաների պատճառով, առաջին անգամ անցել է առանց ավանդական բիկինիներով ցուցադրության:

Մրցույթի եզրափակիչի նախօրեին Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի դեսպատաները իրենց երկրների քաղաքացիներին նախազգուշացրել են իսլամիստների կողմից սպառնացող սպառնալիքի մասին: Մրցույթի մասնակից գեղեցկուհիներին պաշտպանել են 700 ոստիկաններ: