Դեկտեմբերի 16-ին ՀՀ Վարչական դատարանը քննեց ոստիկանության հայցը Armenia Today լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին: Կիվիրյանին մեղադրանք է առաջադրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով, այն է՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը:
Հայցվոր կողմի պնդմամբ` 2013թ. սեպտեմբերի 4-ին Կիվիրյանը չի կատարել ոստիկաններ Արա Սարգսյանի ու Արթուր Օսիպյանի օրինական պահանջը: Նշենք, որ այդ օրը մի խումբ քաղաքացիներ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքում էին Մաքսային միությանը ՀՀ-ի միանալու դեմ:
Ոստիկանության ներկայացուցիչները մինչև դատական նիստի ավարտն այդպես էլ չկողմնորոշվեցին, թե ինչի համար են վարչական պատասխանատվության ենթարկում Արգիշտի Կիվիրյանին. մեկը պնդում էր, որ պատասխանող կողմը հատել է փողոցն անթույլատրելի հատվածում և նստել փողոցի երթևեկելի մասում, մինչդեռ մյուսը համոզված էր, որ ակտիվիստը ձերբակալվել է այն ժամանակ, երբ փորձել է ոստիկաններին թույլ չտալ բերման ենթարկել հավաքի մասնակիցներ Կարեն Հարությունյանին և Դավիթ Սանասարյանին:
Միայն պատասխանող կողմի փաստաբաններ Արամազդ Կիվիրյանի և Լուսինե Սահակյանի «օգնությամբ» հայցվոր կողմի փաստաբանները հասկացան, թե ինչ «հանցանք» է գործել Կիվիրյանը, և օրենքի որ կետով են իրենք ձերբակալել Կիվիրյանին: Հայցվոր կողմը չէր կողմնորոշվում՝ Վարչական օրենսգրքի 259-րդ հոդվածով են Կիվիրյանին բերման ենթարկել, թե 261-ով:
Մեղադրվող Արգիշտի Կիվիրյանն այլևս չդիմացավ. «Հարգելի դատարան, զարմանում եմ` ինչպես եք նման բան թույլ տալիս. Նեյնիմ-մեյնիմ են անում, իսկ Դուք բոլոր պատասխաններն ընդունում եք»:
Պատասխանող կողմի հարցերի մեծ մասին հայցվոր կողմը հրաժարվում էր պատասխանել` պնդելով, որ այդ հարցին արդեն պատասխանել են: Փաստաբան Արամազդ Կիվիրյանի դիտարկմանը, թե նախնական դատական նիստում հայցվոր կողմն իրավունք չունի հարցերին չպատասխանել, ոստիկանության ներկայացուցիչը պատասխանեց. «Մենք բոլոր հարցերին պատասխանում ենք: Մի խեղաթյուրեք փաստերը»:
Դատական նիստին ներկա էին նաև մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, որոնք պարբերաբար ծիծաղում էին հայցվոր կողմի պատասխանների վրա: Երկու ժամ տևած դատական նիստը հետաձգվեց, քանի որ հայցվոր կողմը դատարան էր ներկայացրել փոփոխված հայցադիմում. մինչև այդ նրանք պատասխանող կողմին ուղարկել էին լրիվ այլ բովանդակությամբ մեղադրանք:
Հայցվոր կողմը խոստացավ սեղմ ժամկետներում Կիվիրյանի փաստաբաններին տրամադրել հայցադիմումի նոր տարբերակը: Հաջորդ դատական նիստը կկայանա 2014թ. հունվարի 21-ին:
«Ցանկացած մարդ, ով այս նիստին ներկա էր, կփաստի, որ ոստիկանությունը փորձում է այս նիստը վերածել կոմեդիայի. ինքը չի կարողանում որևէ հիմնավորում ներկայացնել, հստակ որևէ հարցի պատասխանել, թե ինչու է Արգիշտի Կիվիրյանի դեմ ներկայացվել հայց վարչական պատասխանատվության ենթարկելու մասին»,- նիստից հետո լրագրողներին ասաց Կիվիրյանը:
Արգիշտի Կիվիրյանը համոզված է, որ իր դեպքում կիրառվում է քաղաքական հետապնդում «Ոստիկանությանը պետք էլ չի հիմնավորել. ինքն այդպես է ուզում և այդպես էլ պետք է լինի»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Մաքսային միության դեմ կազմակերպված բողոքի ակցիայից հետո քաղաքացիական համազգեստով անձինք բերման էին ենթարկել Armeniatoday կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին, որը ոստիկանության Արաբկիրի բաժանմունքի դիմաց սպասում էր բերման ենթարկված ակտիվիստներին:











