Ազատության հրապարակից դեկտեմբերի 17-ին, ժամը 13։00-ին, մեկնարկեց Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի դեմ ԱԺ ոչ կոալիցիոն չորս խմբակցությունների՝ ՀՅԴ, ՀԱԿ, Ժառանգություն, ԲՀԿ, նաեւ «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության կազմակերպած երթը դեպի ՍԴ, որին միացել են մի քանի հարյուր քաղաքացիներ, չորս խմբակցությունների ներկայացուցիչները։ (ֆոտոռեպորտաժ)
Ոստիկանները փորձել են արգելել երթի մասնակիցներին քայլել փողոցով, սակայն ցուցարարները պնդել են՝ ասելով, որ եթե չքայլեն փողոցով, իրենց գլխավոր պաստառը՝ «Պահանջում ենք մեր իրավունքը» գրությամբ, ամբողջությամբ չի երեւա։ Այժմ երթի մասնակիցները փակել են Բաղրամյան փողոցի երթեւեկելի մի հատվածը։ Հատկանշական է, որ երթն առաջնորդում են ոչ թե ԱԺ պատգամավորները, այլ քաղաքացիները։ Նրանք հայտարարել են, որ սա ոչ թե քաղաքական պայքար է, այլ սոցիալական արդարության հաստատման պահանջ։
«Ոչ» վանկարկելով նրանք շարժվում են դեպի ՍԴ, որտեղ կարդալու են իրենց հայտարարությունը, որով պահանջում են չեղյալ հայտարարել 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Կուտակային կենսաթոշակի մասին օրենքը եւ ԱԺ չորս խմբակցությունների ներկայացրած հայցով դատական լսումները անցկացնել բաց։ Ցուցարարները բարձրախոսով բոլորին կոչ են անում միանալ իրենց՝ տեր կանգնելով իրենց իրավունքին եւ թույլ չտալով թալանը պարտադիր կուտակային բաղադրիչի միջոցով։ Երթին մասնակցում են նաեւ թմբկահարներ։ Երթը հսկում են մեծ թվով ոստիկաններ, որոնք չեն խոչընդոտում երթի ընթացքը։
Երթից առաջ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ այն գործատուներին, որոնք խոստացել են իրենց աշխատողներին փոխհատուցել Կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի 5 տոկոսը: «Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր չեն հավատացել այդ խայտառակ շուին և այսօր այստեղ են, միասին գնալու ենք Սահմանադրական դատարան»,- ասաց Զոհրաբյանը` նաև շնորհակալություն հայտնելով այն տարեց քաղաքացիներին, որոնք եկել են Ազատության հրապակ, այն դեպքում երբ օրենքն իրենց վրա չի տարածվում:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը երթին մասնակցում է իր կրտսեր դստեր հետ։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Ազգային ժողովի ոչ իշխանական 4 խմբակցությունները՝ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, նախօրեին ՍԴ-ին ուղղված դիմում-բողոքը հանձնել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի 24 ժամվա ընթացքում ԱԺ-ն այն հանձնի ՍԴ-ին:
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթների սահմանադրականությունը ՍԴ-ում կվիճարկեն Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը եւ փաստաբան Մերի Խաչատրյանը:














