Ոստիկանությունը հաղորդում է, որ անասնագողության կասկածանքով Ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման է ենթարկվել Վանաձորի բնակիչ` 1988թ. ծնված Վահրամ Ալիխանյանը:
Ոստիկանությունը հայտնում է, որ Վահրամը, որն Էջմիածնում անասնապահությամբ էր զբաղվում, հոր հոգսը թեթևացնելու համար գնացել է Էջմիածին և այնտեղ պահել է իր քավորի անասուններին:
Վահրամի քավորը Վահրամին տվել է իր «Մակարով» տեսակի գազային ատրճանակը, որպեսզի սանիկը պաշտպանվի գողերից:
Նոյեմբերի 30-ին Վահրամի քավորի մայրը զանգահարել է Ոստիկանություն և հայտնել, որ Վահրամը 2 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է գողացել, հետը տարել է իր որդու «Մակարով» տեսակի գազային ատրճանակը և մեկ Samsung բջջային հեռախոս` պատճառելով 1 մլն 41 հազար դրամի վնաս:
Ոստիկանությունը հայտնում է, որ դեկտեմբերի 3-ին` կեսգիշերն անց, ոստիկաներին հաջողվել է հայտնաբերել և բերման ենթարկել Վահրամ Ալիխանյանին:
«Ռուսաստան էի ուզում գնալ ճիշտն ասած: Գումար էր հարկավոր: Գողացել եմ քավորիս մի հատ ցուլը և գազային ատրճանակը: Երևանում վաճառել եմ ցուլը»,- ոստիկաններին պատմել է Վահրամը:
Ոստիկանությունը հայտնում է, որ Վահրամը գազային ատրճանակն ու դանակը ակումբում տվել է մատուցողուհուն, իսկ մատուցողուհին՝ բարմեմին, որն էլ Վահրամին բերման ենթարկելուց ժամեր անց ատրճանակը հանձնել է Ոստիկանություն:
Ոստիկանությունը հայտնում է նաև, որ խոստովանանական ցուցմունք է տվել նաև այն մեքենայի վարորդը, որի մեքենայով խոշոր եղջերավոր անասունին տեղափոխել են Երևան:
«Զանգեց, ասեց՝ արի էթանք, անասուն կա տանենք հանձնենք բիրիքնոցը: Պայմանավորվել ենք, գիշերը գնացել բարձել ենք ու տարել ենք»,- ոստիկաններին պատմել է մեքենայի վարորդը:
Մեքենայի վարորդն ու Վահրամը նշել են, որ անասնագոմից ոչ թե երկու, այլ մեկ ցլիկ են տեղափոխել: Վահրամը մորթել է տվել ցլիկը և վաճառել, իսկ գումարով որոշել է զվարճանալ:
Մանրամասները` ոստիկանության տեսանյութում:











