ԱՄՆ Սան Դիեգո քաղաքի կենդանաբանական այգում էգ առյուծը անհայտ պատճառով հրաժարվել է կերակրել իր երկու ձագերին:
Ձագերին տեղափոխել են կենդանաբանական այգուն կից գործող նորածին ձագերի խնամքի կենտրոն:
Life News-ը տեղեկացնում է, որ այժմ ձագերը սովորում են առանց մոր ապրել:
Փոքրիկ ձագերին շշով կերակրում են հատուկ սննդարար խառնուրդով: Կենդանաբանական այգու աշխատողներն ասում են, որ փոքրիկ առյուծներն իրենց ավելի վստահ են զգում, բայց միևնույն է՝ դեռ փորձում են միմյանց ավելի մոտ մնալ:
«Նրանք իրար հետ շատ կապված են: Մենք նրանց հերթով ենք կերակրում: Երբ մեկին վերցնում ես, մյուսը սկսում է բարձր մռնչալ և փնտրել մյուսին»,- պատմել է կենդանաբանական այգու աշխատակից Ջենիֆեր Մինիկինոն:
Առյուծները` որպես կենդանական աշխարհի թագավորներ, արդեն սկսել են իրենց բնավորությունը դրսևորել: Արու ձագուկը իրեն շատ հանգիստ է պահում, իսկ նրա քույրը հաճախ է կամակորություններ անում:
Կենդանաբանական այգու այցելուները հնարավորություն ունեն տեսնել ձագերին, սակայն շատ կարճ ժամանակով, քանի որ օրվա մեծ մասը նրանք քնած են անցկացնում:











