Դիմակավոր չորս անձինք Ավստրալիայի Մելբուռն քաղաքում գտնվող «Պրադա» խանութ սրահից գողացել են թանկարժեք պայուսակներ, դրամապանակներ եւ դիմել փախուստի:

Գողերը բացել են խանութի ծանր մետաղյա անվտանգության դուռը, կոտրել դռան ապակին, մտել ներս եւ մոտ երկու րոպեի ընթացքում թալանել են խանութը:

Գողությունը տեսագրվել է փողոցում տեղադրված տեսախցիկի միջոցով: Տեսագրությունում երեւում է` ինչպես է գողերից մեկը դուրս գալիս մեքենայից, մոտենում խանութին եւ փորձում բացել դուռը, մի քանի վայրկյան անց մեքենայից դուրս է գալիս ծաղրածուի դիմակով եւս մի անձ, որի ձեռքին մուրճ կա: Նա այդ մուրճով կոտրում է խանութի դռան ապակին եւ բոլորն իրար հետեւից ներս են մտնում:

Գողերը մի քանի անգամ մտել են խանութ, դուրս եկել, գողացված իրերը լցրել մեքենայի մեջ եւ հետո արագ հեռացել:

The Age-ը տեղեկացնում է, որ ոստիկանության տվյալներով, գողերը խանութին տասնյակ հազարավոր դոլարների վնաս են պատճառել:

Ոստիկանությունը նաեւ հայտնել է, որ գողությունից 5 րոպե հետո մեքենայով անցնող ինչ-որ մի անձ կանգնել է խանութի մոտ, դուրս եկել մեքենայից վերցրել կողոպուտի ժամանակ գետնին ընկած 3 պայուսակները եւ հեռացել: