Ոստիկանները դեկտեմբերի 17-ին հայտնաբերել են եւ բերման ենթարկել Գարիկ Երիկյանին, որը տարբեր քաղաքացիներից գումարը մաս-մաս վճարելու պայմանով ավտոմեքենաներ է վերցրել, սակայն ոչ միայն գումարը չի վճարել, այլեւ ինքնարժեքից ցածր գներով վաճառել է մեքենաները ու տիրացել գումարին:
Ոստիկանությունը հաղորդում է, որ Նոր Նորքի բնակիչ` 1987թ. ծնված Գարիկ Երիկյանը երկրորդ անգամ է բերման ենթարկվել:
Առաջին անգամ Գարիկ Երիկյանը չարաշահել էր քաղաքացիների վստահությունը, նրանց հետ միասին նրանց անձնագրերով տարբեր խանութներից ապառիկ բջջային հեռախոսներ ու նոթբուքեր էր գնել ու չվճարելով գումարը խաբեությամբ տիրացել էր ապրանքներին:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները խարդախություն կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել, բայց այդ անգամ Երիկյանը ստորագրությամբ բաց էր թողնվել:
Սակայն նա կատարվածից հետեւություն չէր արել եւ մարդկանց վստահությունը չարաշահելով` մեքենաներ է յուրացրել: Գարիկը տաքսու վարորդ է եւ գիտի ինչպես են գումարը մաս-մաս վճարելու պայմանով մեքենա վերցնում: Նախ սեփականատիրոջ հետ համաձայնության են եկել, մեքենան որպես տաքսի է վարել, իսկ հաճախորդներից ստացված փողով, մաս-մաս վճարել է գումարը:
Գարիկ Երիկյանին բերման ենթարկելու հենց նույն օրը մի քաղաքացի ոստիկանություն հաղորդում է տվել, որ իր «Հունդայի» եւ «ՎԱԶ 2107» մակնիշի մեքենաները գնելու եւ որպես տաքսի վարելու պատրվակով` Երիկյանը վերցրել է եւ առանց իր իմացության վաճառել մեքենաները:
Նոյեմբերին Գարիկը մեկ այլ քաղաքացուց վերցրել է «ԳԱԶ 3110» մակնիշի մեքենա, երկու քաղաքացիներից` «ՎԱԶ 2107» մակնիշի մեքենաներ, որոնց գազի բալոններն ու ձայնարկիչներն վաճառելուց հետո` ինքնարժեքից ցածր գներով վաճառել է նաեւ մեքենաները: Նույն պայմանով տաքսի ծառայություններից վերցրել է «Ռենո» մակնիշի մեքենա, որի գազի բալոնը դարձյալ վաճառել է:
Իրավապահներն հիմնավոր կասկածներ ունեն, որ Գարիկ Երիկյանի գործողույուններից տուժել են այլ քաղաքացիներ եւս, ովքեր կարող են դիմել Ոստիկանության Նոր Նորքի կամ մոտակա բաժին:
Մանրամասները` ոստիկանության տեսանյութում:











