Վաղարշապատի հիվանդանոցից Ոստիկանության Վաղարշապատի բաժին դեկտեմբերի 10-ին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ստորին մասի կտրած ծակած վերք ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Էջմիածինցի 18-ամյա մի երիտասարդ:
Տուժողն ոստիկաններին ասել է, որ վնասվածքը ստացել է սառույցի վրա սայթաքելու եւ ապակու վրա ընկնելու հետեւանքով:
Տուժողը շուտով տեղափոխվել է Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց եւ ենթարկվել վիրահատության: Նրա մոտ առկա է եղել կրծքավանդակի ստորին մասի կտրած ծակած վերք` թոքի վնասումով:
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ` ոստիկանները կարողացել են բացահայտել վնասվածքների իրական պատճառները:
Ըստ ոստիկանության նախնական տեղեկությունների` վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ: Դեպքը տեղի է ունեցել նույն օրը` ժամը 16-ի սահմաններում, Էջմիածին քաղաքից դեպի պետտնկարան տանող ճանապարհին:
Ոստիկաններին հաջողվել է պարզել դանակահարողի ինքնությունը, որը դեպքի հաջորդ օրը ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին եւ խոստովանել կատարվածը:
Ոստիկանությունը հայտնում է, որ կասկածյալը եղել է Վաղարշապատի բնակիչ` 19-ամյա Աշոտ Ասկարյանը:
Կամավոր ոստիկանություն ներկայանալով` նա տարել է նաեւ հանցագործության գործիք դանակը, որն առգրավվել եւ փաթեթավորվել է` փորձաքննության ուղարկելու համար:
Ըստ Աշոտ Ասկարյանի` վիճաբանությունը տեղի է ունեցել պատահմամբ: Պատճառը` երթեւեկության ընթացքում իրար չզիճելն է եղել: Աշոտ Ասկարյանն ընթանալիս ազդանշան է տվել տուժողին, որ ճանապարհ զիջի: Վերջինս հավանաբար չի զիջել եւ արդյունքում կանգնել են ու վեճ է սկսել:
Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մանրամասները` ոստիկանության տեսանյութում











