Ձմեռ պապն ու Ձյունանուշը այսօր` դեկտեմբերի 27-ին, այցելել են Նորքի տուն-ինտերնատ` բնակիչների հետ նշելու Ամանորը: Տարեցների տուն-ինտերնատի ճաշարանում ամանորյա մթնոլորտ էր։ Զարդարված տոնածառն ու տոնական ընթրիքը կրկնակի ոգևորել էին բնակիչներին: Ձմեռ պապի շնորհավորանքից հետո սկսվեց տարեվերջյան խնջույքը, որի ընթացքում պատկառելի տարիքը չխանգարեց տատիկներն ու պապիկները ուրախացան երիտասարդների պես։ «Սրտանց ցանկանում եմ այս տարին բարի լինի` առողջության, հաջողության, ֆինանսական տարի լինի: Չեք պատկերացնի, թե որքան շնորհակալ եմ մեր ժողովրդին, իմ ընտանիքին: Այստեղ բոլորը, ոնց որ իմ ընտանիքը լինեն: Բոլորի սրտի ցանկացածը թող կատարվի»,- NEWS.am-ի թղթակցին ասաց 76-ամյա Էմմա Աբրահամյանը, որն ընդամենը երեք ամիս առաջ էր ամուսնացել տուն-ինտերնատի 80-ամյա բնակիչ Կառլեն Հարությունյանի հետ:

Տուն-ինտերնատում  Ամանորը նշում են մի քանի օր շուտ, որովհետև դեկտեմբերի 31-ի գիշերը շատերը նոր տարին դիմավորում են իրենց ընտանիքների հետ: