YouTube-ում տեսանյութ է հրապարակվել, որտեղ Կանադայի Տորոնտո քաղաքի քաղաքապետ Ռոբ Ֆորդը հայհոյում է, հայտնում է Toronto Star թերթը:
Մեկ րոպեից քիչ ավելի տեւողությամբ տեսանյութում նախկինում ալկոհոլից հրաժարվելու մասին հայտարարած քաղաքապետը կանգնած է Steak Queen արագ սննդի ռեստորանի վաճառասեղանի մոտ, ձեռքերով ակտիվ ժեստեր է անում եւ մի շարք կոպիտ եւ ցենզուրայից դուրս արտահայտություններ անում Ճամայկայի բարբառով: Քաղաքապետն իր խոսքում, մասնավորապես, հիշատակել է քաղաքի ոստիկանապետ Բիլ Բլերին:
Հաղորդվում է, որ Տորոնտոյի քաղաքապետն արդեն հաստատել է հոլովակի իսկությունը, խոստովանելով, որ երկուշաբթի երեկոյան ալկոհոլային խմիչք էր օգտագործել: Նա ընդգծել է, որ «դա ոչ մեկին չի վերաբերում»:
Ավելի վաղ տեսագրություն էր հայտնվել, որտեղ Ֆորդը քրեք էր ծխում, որից հետո քաղաքապետը ստիպված էր եղել ներողություն խնդրել քաղաքացիներից` թմրանյութերի նկատմամբ հակման համար: Որոշ ժամանակ անց քաղաքապետը հայտարարել էր, որ թողել է խմելը եւ առողջ կենսակերպի անցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:











