Վարդան Պետրոսյանի ընտանիքը չի ցանկանում անդրադառնալ տուժող Հակոբյանների հայտարարություններին, նրանք որոշել են այլեւս ոչինչ չասել, քանի որ դատարանում կխոսի դերասանը:

Հակոբյանների հայտարարությունների վերաբերյալ NEWS.am-ի թղթակիցը պարզաբանումներ խնդրեց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանից: Նախ, նա անդրադարձավ Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանի կողմից բարձրացված երեք հարցերին, որոնք վերաբերում էին Վարդան Պետրոսյանի հեռախոսով խոսելիս, գերազանցված արագությամբ եւ ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարելուն:

«Նույն հաջողությամբ կարող էին հայտարարել, որ թմրամիջոց է օգտագործել: Խմածության վերաբերյալ բոլոր փաստերը ներկայացրել ենք, առկա է փորձագետի եզրակացություն, բժիշկների, փրկարարների, ականատես վկաների ցուցմունքներ: Ինչ վերաբերում է հեռախոսով խոսելուն, դրա վերաբերյալ եւս գործի նյութերում առկա է ցուցմունք, որ Վարդան Պետրոսյանի հեռախոսը դեպքի վայրից մի քանի կմ առաջ անջատվել է: Գերազանցել է արագությունը, թե ոչ, դա լուրջ վեճ է, պետք է քննարկել: Նախեւառաջ, պետք է ճշտել՝ այդ տարածքը բնակավայր է եղել, թե ոչ, եթե բնակավայր է, ինչո՞ւ է տրանսպորտի  նախարարությունը զբաղվում այդտեղ նշաններ տեղադրելու հարցով, պետք է զբաղվի քաղաքապետարանը: Խնդիրն այն է, որ բնակավայրում կարող են երթեւեկել 60 կմ/ժ արագությամբ, իսկ եթե բնակավայր չէ՝ 90 կմ/ժ արագությամբ»,- ասաց դերասանը:

Նիկոլայ Բաղդասարյանը անդրադարձավ նաեւ Հակոբյանների ընտանիքի հայտարարություններին առ այն, որ Վարդան Պետրոսյանը այնքան խմած է եղել, որ նրա քույրը եւ քրոջ աղջիկը տաքսիով են տուն վերադարձել, իսկ դերասանն էլ շտապում էր սիրուհու մոտ:

Փաստաբանը պարզաբանեց, որ հեռախոսազրույցը վերծանված է եւ առկա է գործի նյութերում, դերսանաը խոսել է Օնիկ անունով մեկի հետ: Նա հաստատեց, որ Աշխեն Պետրոսյանը եւ նրա դուստրը ավելի վաղ Երեւան են վերադարձել տաքսիով, այդ մասին նրանք հայտնել են նաեւ իրենց ցուցմունքներում:

Ի դեպ, Նիկոլայ Բաղդասարյանից տեղեկացանք նաեւ, որ ոստիկանությունը մերժել էր նրանց դիմումը՝ սոցիալական ցանցերում Պետրոսյանների հասցեին հնչեցված սպառնալիքների մասով միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Նշենք, որ վաղը՝ մարտի 28-ին, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը: