Վարդան Պետրոսյանի փաստաբանի եւ փորձագետի կողմից ներկայացված մոդելավորումը վթարի վերաբերյալ իրենց դիրքորոշումն է եւ ցանկալի տարբերակը, որը իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով տուժող Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը։

Թե ինչպես է եղել վթարը, փաստաբանը չի շտապում ներկայացնել իր տարբերակը՝ խոստանալով իր դիրքորոշումը ներկայացնել եւ ապացուցել դատարանում։ Նա շեշտեց, որ միգուցե այսպես պաշտպանական կողմը փորձում է բացահայտել իր խաղաքարտերը, ինչի հնարավորությունը ինքը չի տա։ Ամեն դեպքում, Ռուբեն Բալոյանը անդրադարձավ մի շարք հանգամանքների։  Նախ, նա պարզաբանեց «Նիվա» մեքենայի հետ կապված խախտումները, մասնավորապես՝ ապակիների մգեցում, գազի բալոն տեղադրելու թույլտվություն եւ այլն։ Ռուբեն Բալոյանը հաստատեց, որ վարորդ Արթուր Հակոբյանը «Նիվայի» վրա գազի բալոն տեղադրելու թույլտվություն չի ունեցել, սակայն շեշտեց՝ «ի՞նչ կապ ունի դա վթարի հետ»։ «Օրինական է եղել գազի բալոնը, թե ոչ, ի՞նչ կապ ունի դա վթարի հետ։ Այդ վթարի հետ ճանապարհային նշաններն էլ կապ չունեն, իզուր են փորձում կապ գտնել։  Չարաչար սխալվում են նման հայտարարություններ անելով։ Ի՞նչ է՝ եթե ապակին թույլ մգեցված է, կարող է առանց հետին տեսանելիության հայելիների մեքենա վարել, ես համաձայն չեմ։ Ապակիների մգեցվածությունը եւս վթարի հետ կապ չունի, եթե սահմանված չափորոշիչը այն գերազանցում է, ապա դրա համար կա տուգանք, բայց դա վթարի հետ կապ չունի»,- ասաց Ռուբեն Բալոյանը։

Փոխարենը, Հակոբյանների փաստաբանը նշեց Վարդան Պետրոսյանի կողմից թույլ տրված խախտումները, որոնք նպաստող հանգամանքներ են եղել վթարին։ «Իսկ հեռախոսով խոսելիս, գերազանցված արագությամբ եւ ալկհոլ օգտագործած վիճակում մեքենա վարելը նպաստող հանգամանքներ չե՞ն։ Զուգահեռներ անցկացրեք իմ եւ մյուս կողմի պատճառաբանությունների միջեւ, իմ ասած բոլոր երեք հանգամանքները ուղղակիորեն կապված են վթարի հետ»,- ասաց նա։

Նա նորից անդրադարձավ վթարի հետ կապված եւ ամենից շատ շահարկվող հարցին՝ վթարը եղել է կողնակում, թե ճանապարհի բանուկ մասում։ «Դեռ այն ժամանակ, երբ ես ծանոթացել եմ քրեական գործի նյութերին, հայտարարել եմ եւ այժմ է; պնդում եմ, որ բախումը եղել է հողածածկ գոտում,  իսկ «Նիվան» կանգնած է եղել, հետընթաց չի կատարել։ Հեղուկ, ապակի թափվելու եւ մնացածի  վերաբերյալ իմ դիրքորոշումը ավելի մանրամասն կներկայացնեմ դատական նիստին։ Միայն մի բան կցանկանայի նշել, ես այդպես էլ չհասկացա՝ ով է որոշել, որ դա խաչմերուկ է, թե ոչ՝ Նիկոլայ Բաղդասարյանը, թե Գուստավ Կասանիցկին, այդ հատվածը խաչմերուկ չէ, սովորական ճանապարհ է։ Ես Կասանիցկիի դիրքորոշման հետ համաձայն չեմ, կապ չունի, որ ինքը դոկտոր պրոֆեսոր է»,- ասաց փաստաբանը։

Ինչ վերաբերում է նախաքննության մարմնի կողմից կողասահքի հետքերը չարձանագրելուն, Ռուբեն Բալոյանը պարզաբանում է, որ հենց ինքն է հայտնաբերել այդ հետքը, սակայն դա բնորոշ է արգելակման հետքին, ոչ թե կողասահքի հետք է։

Փաստաբանը չցանկացավ անդրադառնալ Հակոբյանների եւ Պետրոսյանների միջեւ բանակցությունների տապալման պատճառներին՝ նշելով, որ դա կողմերի խնդիրն է եւ ինքը չի ցանկանում դրանց մեջ մտնել։