ՀՀ գլխավոր դատախազության մոտից քիչ առաջ, ժամը 12։30-ին, բերման ենթարկեցին, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին եւ Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին: Նրանք մի քանի տասնյակ քաղաքացիների հետ գնացել էին դատախազության շենքի մոտ՝ պահանջելու, որպեսզի դադարեցվի քրեական հետապնդումը Շանթ Հարությունյանի անչափահաս որդու նկատմամբ։
Երբ երթի մասնակիցները հասան ՀՀ գլխավոր դատախազություն, կանգնեցին դիմացի մայթին, որտեղ անմիջապես պատ կազմեցին երթն ուղեկցող ոստիկանները։ Հենց դիմացի մայթին էլ քաղաքացիական ակտիվիստները բարձրախոսով ելույթներ ունեցան՝ ներկայացնելով իրենց պահանջները։
Վարդգես Գասպարին ասաց, որ ինքը հիմա կօգտվի իր իրավունքից եւ իր «Կողքիդ եմ, Շահեն ջան» գրությամբ պաստառով կգնա եւ կկանգնի դատազության մուտքի մոտ:
Ոստիկանները փորձեցին կանգնեցնել նրան, Գասպարին մայթով իջավ ներքեւ, փորձեց այլ հատվածով անցնել փողոցը, բայց այստեղ էլ ոստիկանները միջամտեցին։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մի քանի անգամ Գասպարին փողոցն անցնելու անհաջող փորձ արեց, այդ ընթացքում մի քանի անգամ ընկավ, ու ամբողջ ժամանակ բղավում էր եւ ոստիկաններին անվանում «անասուն, ոչխար, խուլիգան, սրիկա»:
Ի վերջո Գասպարիին հաջողվեց անցնել փողոցը, ինչից հետո նրան բերման ենթարկեցին։
Արգիշտի Կիվիրյանը պահանջեց, որպեսզի ոստիկանները պատասխանեն, թե ինչու են բերման ենթարկել Վարդգես Գասպարին, ոստիկանները օրենքին հղում չանելով միայն կրկնում էին, որ Գասպարին խախտել է նախնական պայմանավորվածությունը, ըստ որի, պետք է դիմացի մայթում անցկացնեին իրենց ակցիան:
Ոստիկանները պահանջում էին, որ Կիվիրյանը հեռանա դատախազության մուտքի մոտից եւ անցնի դիմացի մայթ, Կիվիրյանը չէր անցնում, ոստիկանները փորձեցին հրելով հեռացնել նրան, ինչից հետո նրան նույնպես բռնությամբ բերման ենթարկեցին։
Նշենք, որ այսօր ժամը 11-ին մի քանի տասնյակ քաղաքացիներ հավաքվել էին Ոստիկանության գլխավոր քննչական վարչության մոտ՝ աջակցելու «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի 15-ամյա որդու Շահեն Հարությանին, որի դեմ մեղադրանք է առաջադրվել նոյեմբերի 5-ի բախումների ժամանակ ոստիկանին բարձրախոսով հարվածելու համար: Այնտեղ իրենց բողոքի խոսքը հայտնելուց հետո նրանք շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ:
Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանին ապրիլի 2-ին կանչել են ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչություն եւ մեղադրանք առաջադրել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով ոստիկան Գեղամ Խաչատրյանին նոյեմբերի 5-ին բարձրախոսով խփելու համար: Ապրիլի 4-ին, առավոտյան ժամը 11:00-ին, նրան նորից կանչել են ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչություն: Շահենին սատարող քաղաքացիները պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել շենքի մոտ: Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բերման ենթարկվածներից 18-ը ներգրավվել էին որպես վկա եւ ազատվել էին, իսկ 20-ը ձերբակալվել էր:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











