Վարչապետ փոխելով, կառավարությանն անվստահություն հայտնելով երկրի վիճակը չի փոխվի, մեր երկիրը պետք է ամբողջովին փոխվի: Այս մասին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր՝ ապրիլի 4-ին ասաց Վանաձորում հրավիրված նախահավաքի ժամանակ:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ մասնակի փոփոխությունները ոչ մի արդյունք տալ չեն կարող:
«Մենք տեսանք, թե ինչպես ժողովրդի միասնությանը սպասելիս իրենք որոշեցին մի քիչ շուտ կատարել իրենց քայլը: Բնավ կարևոր չէ, թե ում կառաջարկեն, քանի որ մինչև հիմա պատժված չեն անցած տարվա ընտրությունների կեղծողները»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նոր վարչապետի հնարավոր թեկնածությանը։
«Ժառանգության» առաջնորդը վստահ հայտնեց, որ Վանաձորում և այլ քաղաքներում հաջորդ հանդիպումը կլինի ոչ թե նախահավաք, այլ միասնական հավաք։
«Հաջորդ հանդիպումը կլինի միացյալ հրապարակով՝ քաղաքական բոլոր ուժերով, քաղաքացիական հոսանքներով, մտավորականներով, ազատամարտիկներով: Ես վստահ եմ, որ իրավապահ մարմինները նույնպես զգում են փոփոխության անհրաժեշտությունը»,- ասաց «ժառանգության» առաջնորդը՝ ոստիկաններին կոչ անելով նույնպես միանալ միասնական հարթակին։
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ այս տարի պետք է ավարտին հասցնել նախորդ տարի սկսած ու չավարտած պայքարը:
«Անցյալ տարի այն ահավոր պայքարի ընթացքում ոչ ոք չհավատաց հայ ժողովրդին, բայց հայ ժողովուրդը հավատաց իրեն: Եթե շարքային քաղաքացին ինքը դուրս չգա իր իրավունքը պաշտպանելու, ուրեմն ոչինչ չի փոխվի, արտագաղթը կշարունակվի: Այն, ինչ անցած տարի արեցինք հաղթական, անարյուն, ու ավարտին չհասցրինք, այս տարի պարտավոր ենք հասցնել», - հավաքի ժամանակ հայտարարեց նա:











