Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ ապրիլի 16-ին, վերսկսված՝ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատաքննությանը պետական մեղադրողը միջնորդություն ներկայացրեց սկզբում հետազոտել այլ ապացույցները, այնուհետեւ վկաներին, հետո միայն լսել ամբաստանյալին:
Ամբաստանյալի փաստաբան Արա Զաքարյանը առարկեց՝ ասելով, որ դատական գործերի ընթացքում սկզբում լսում են վկաներին, հետո ամբաստանյալին, դրանից հետո միայն հետազոտվում են գործով եղած այլ ապացույցները:
Դատավորը որոշեց սկզբում հարցաքննել վկաներին, այնուհետեւ հետազոտել գործով եղած այլ ապացույցները, նոր միայն լսել ամբաստանյալին:
Առաջինը ցուցմունք տվեց գործով վկա Ալբերտ Մաթոսյանը, որը նշեց, որ մի անգամ է հանդիպել Վոլոդյա Ավետիսյանին անցած տարվա հուլիսի վերջին՝ իր կնոջ ընկերուհու՝ Ծովինար Եղոյանի միջնորդությամբ, որը Վոլոդյա Ավետիսյանի ազգականուհին է։ Ալբերտ Ամթոսյանի խոսքով՝ ինքը հուլիսի 29-ին հեռախոսով խոսել եւ հանդիպել է Վոլոդյա Ավետիսյանին:
Ըստ Ալբերտ Մաթոսյանի, իր որդին ծառայում էր Մարտակերտում եւ ուզում էր տեղափոխել Ստեփանակերտ, քանի որ «զորամասի հարմարությունները նրան դուր չէին եկել»: Վոլոդյա Ավետիսյանը, ըստ նրա, իր որդու տեղափոխվելու հարցը չէր կարող լուծել, ընդամենը 500 դոլարի դիմաց խոստացել էր համակարգչային օպերատոր նշանակել Մարտակերտի զորամասում:
«Վոլոդյան ասեց՝ տեղափոխելը իմ ուժերից վեր է, դա միայն Պաշտպանության նախարարը կարող է անել»,- դատարանում ասաց Ալբերտ Մաթոսյանը:
Մաթոսյանի խոսքով՝ ինքը չի ցանկացել գնալ հանդիպման, քանի որ «չի ուզել նման ծառայության համար գումար վճարել, սակայն քաղաքավարությանը զոհ գնալով, կնոջ խնդրանքով գնացել է»: Ազատության հրապարակում, ըստ նրա, Ավետիսյանի հետ խոսակցության ժամանակ գումարի մասին խոսք չի եղել։
Այստեղ դատավորն ասաց, որ վկայի նախաքննական եւ դատարանում տված ցուցմունքներում կա էական հակասություն՝ կապված Ազատության հրապարակում իր եւ Վոլոդյա Ավետիսյանի միջեւ տեղի ունեցած խոսակցության հետ:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վկայի ցուցմունք տալու ժամանակ դահլիճում ազատամարտիկները վրդովված արձագանքում էին, թե՝ «փողով ծախված ստուկաչ է»:
Դատարանը հաշվի առնելով, որ վկայի նախաքննական եւ դատարանում տված ցուցմունքներում կան էական հակասություններ, որոշեց հրապարակել Ալբերտ Մաթոսյանի՝ նախաքննական հարցաքննության արձանագրությունը, որում նա ասել էր, թե հենց Ազատության հրապարակում պահեստազորի գնդապետն իրենց 500 դոլար է պահանջել։
Վկան պնդեց իր նախաքննական ցուցմունքը, իսկ տարբերությունը ցուցմունքների միջեւ բացատրեց նրանով, որ «ինքը հակիրճ է դատարանում պատմում կատարվածը»:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: Վոլոդյա Ավետիսյանը ըստ մեղադրական եզրակացության, հանդիսանալով պահեստազորի գնդապետ,խարդախությամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ,կաշառք ստանալու պատրվակով, չարաշահելով իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ալբերտ Ալեքսանդրի Մաթոսյանի մոտ ձևավորված վստահությունը և դիմելով խաբեության,թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել ԼՂՀ պաշտպանության բանակի թիվ N զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ալբերտ Մաթոսյանի որդի Արթուր Մաթոսյանին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը,սակայն չունենալով նման պայմանավորվածություն, 2013թ.հուլիսի 29-ին ժամը 14:00-ի սահմաններում Երևան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար,սակայն Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել:
Վոլոդյա Ավետիսյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Նա եւ իր մարտական ընկերները պնդում են, որ սա քաղաքական հետապնդում է, որի պատճառը պահեստազորի գնդապետի հասարակական գործունեությունն է. հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանն էր ղեկավարում անցած տարի սկսված՝ ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավում պահանջող բողոքի արշավը։











