Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին ապրիլի 18-ի առավոտյան, Պետդումայի հերթական նիստից մեկնարկից առաջ, վիրավորանք է հասցրել մի հղի լրագրողուհու:
«Ռուսաստանն այսօր» տեղեկատվական գործակալությունը ներկայացնող թղթակցուհին լիբերալ-դեմոկրատների սկանդալային ղեկավարի` մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հարցրել է նրան, թե արդյոք Ռուսաստանը, ի պատասխան ուկրաինական արգելքի, պետք է հակընդդեմ քայլով ուկրաինացիների մուտքն արգելի երկիր: Ի պատասխան Ժիրինովսկին սկսել է վիրավորանքներ հնչեցնել լրագրողուհու, ապա նաեւ` վերջինիս պաշտպանությամբ հանդես եկած բոլոր թղթակիցների հասցեին. «Ի՞նչ արգելքներ: Բարություն է պետք ցուցադրել, քնքշություն: Որտե՞ղ են այդ հիմարները: Այստեղ արի»,-ասել է նա` դիմելով ուղեկցող կուսակիցներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Դու էլ էստեղ արի, լրագրողուհի: Ուրեմն ես հիմա կարտասանեմ, իսկ դու կմոտենաս ու կսկսես ամենայն կոպտությամբ բռնաբարել սրան… Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»,-գոչել է ափերից դուրս եկած քաղաքական գործիչը:
Լրագրողուհու գործընկերները շրջապատել են աղջկան` թույլ չտալով, որ որևէ մեկը մոտենա նրան:











