«Մի ստրկացրեք ուսուցչին», «Փակելով ուսուցչի բերանը՝ փակում եք մի ամբողջ սերնդի բերան». նման պաստառներով կառավարության երրորդ մասնաշենքի մոտ այսօր՝ ապրիլի 29-ին, հավաքվել են Երեւանի տարբեր դպրոցներում աշխատող ուսուցիչներ, որոնք եկել են պահանջելու, որպեսզի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաժարվի կրթության ոլորտի աշխատակիցների աշխատավարձերից 5 տոկոս պարտադիր կուտակային պահումներ անելու որոշումից (ֆոտոռեպորտաժ

«Առանց այդ էլ նախարարության շնորհիվ մենք այսօր ստանում ենք աղքատավարձ։ Դրանից էլ են ուզում գումար պահել, ուղղակի ամոթ է։ Ես ստանում եմ 32 000 դրամ, որից պահվում է 2000 դրամ։ Մեր աշխատավարձը հաշվի առնելով՝ դա մեծ գումար է»,- NEWS.am-ին ասաց Երեւանի թիվ 50 դպրոցի ուսուիցիչ Օֆելյա Հարությունյանը։

Մեր հարցին՝ արդյոք ակցիային մասնակցելով չեն վախենում աշխատանքը կորցնել, ուսուցիչն ասաց, որ դպրոցները չեն հինգ տոկոս պահողը, այլ ԿԳՆ-ը, հետեւաբար իրենք չեն վախենում։

Նրա խոսքով, եթե իրենց բարձրացրած հարցը չլուծեն, ուսուցիչները պատրաստ են գործադուլերի։

Ուսուցիչներին միացել են նաեւ կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները։ Նրանք հայտարարել են, որ կաջակցեն բոլորին, ովքեր համարձակություն կունենան դուրս գալ պայքարելու իրենց իրավունքների համար։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ տարածքում մեծ թվով ոստիկաններ կան, որոնք  պատ են կազմել նախարարության շենքի դիմաց։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am