Ուկրաինայի արեւելքում գտնվող Սլավյանսկ քաղաքի բնակիչները կենդանի վահան են ստեղծել` ուժայինների մուտքը քաղաք արգելափակելու համար, որտեղ նրանք մտադիր են դաշնայնացման կողմնակիցների դեմ ավիացիայի եւ զրահատեխնիկայի կիրառմամբ գործողություններ իրականացնել:

Քաղաքի ծայրամասերից մեկում` երկաթուղու գծանցի շրջանում շուրջ 10 զրահամեքենաների ուղեկցությամբ ուկրաինական բանակի ստորաբաժանումներ են կանգ առել: Նրանց դիմաց Սլավյանսկի մեծ թվով բնակիչներ են շարվել` քաղաքի մուտքն արգելափակելու մտադրությամբ, հաղորդում է ՌԻԱ-Նովոստիի թղթակիցը:

Առայժմ զինվորականները ոչ մի ուժային գործողություն չեն ձեռնարկում, սակայն իրադրությունը խիստ լարված է:

Նաեւ հաղորդվում է, որ դաշնայնացման կողմնակիցների մի մասը, թողնելով քաղաքի հյուսիսային ծայրամասերում կառուցված անցակետերը, ներկայումս քաղաքի կենտրոնին մոտ բարիկադներ են կառուցում:

Բացի այդ, տեղացիներն ուկրաինական զինտեխնիկայի քաղաք մտած երկու շարասյուն են արգելափակել եւ ուժայիններին համոզում են, որ հանձնեն զենքը եւ դաշնայնացման ակտիվիստների կողմն անցնեն: Այս մասին տեղեկություն է փոխանցել քաղխորհրդի պատգամավոր Վիկտորիա Պացիորան:

«Անդրեեւկայի շրջանում, Կարաչուն լեռան մոտ, հինգ ուկրաինական զրահակիր ենք արգելափակել»,- հայտարարել է նա, հավելելով, որ տեղացիները զինվորականներին գեորգիեւյան ժապավեններով են ներկայացել եւ համոզում են նրանց, որ չկրակեն ու հանձնեն զենքը: