Պահեստազորի գնդապետ, արդեն 8 ամիս ազատազրկման մեջ գտնվող Վոլոդյա Ավետիսյանի հանդեպ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել եւ անհրաժեշտ բուժօգնություն ցույց չեն տվել: Այս մասին այսօր` մայիսի 6-ին, Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Վոլոդյա Ավետիսյանը։
«Ես քրեակատարողական հիմնարկում դիմել եմ բուժծառայությանը իմ հիվանդության պատճառով, ինձ վատ էի զգում, որից հետո մարտի 14-ին հետազոտություն եմ անցել, հայտնաբերել են հիվանդություն, որից հետո պետք է նշանակեին բուժում, չեն նշանակել, դրանից հետո ԱԺ-ից Նիկոլ Փասշինյանն է եկել, իրեն եմ դիմել այդ հարցով, այնուհետեւ ՄԻՊ-ից են ինձ երեկ այցելել, իրենց էլ դիմեցի նույն հարցով, վերջապես երեկ ինձ նշանակել են բուժում»,-հայտարարեց Վոլոդյա Ավետիսյանը:
Նրա հայտարարության հիման վրա դատարանը նամակ ուղարկի կալանավայրի ադմինիստրացիա, որպեսզի պատշաճ ձեւով բուժում իրականացվի։
Հիշեցնենք, որ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»: Վոլոդյա Ավետիսյանին առաջադրվել է եւս մեկ մեղադրանք՝ խարդախության փորձ կատարելու համար: Նա կաշառք ստանալու պատրվակով,չարաշահելով իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ալբերտ Ալեքսանդրի Մաթոսյանի մոտ ձևավորված վստահությունը, թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ալբերտ Մաթոսյանի որդի Արթուր Մաթոսյանին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը, սակայն չունենալով նման պայմանավորվածություն, 2013թ.հուլիսի 29-ին ժամը 14:00-ի սահմաններում Երևան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար, սակայն Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել:











