Պահեստազորի գնդապետ, արդեն 8 ամիս ազատազրկման մեջ գտնվող Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստն այսօր՝ մայիսի 6-ին, անցավ լարված մթնոլորտում: Գյումրեցի վկա Հենրիկ Զաքարյանի հակասական վկայությունները նյարդայնացրեցին ազատամարտիկներին, դատավորը մի քանիսին հեռացրեց նիստերի դահլիճից:
Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ հիմնավորելով, որ դատավոր Լեւոն Ավետիսյանը կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում ապացույցների քննության ընթացքում:
«Նման գործողությունները խիստ բացասաբար են անդրադառնում դատական համակարգի հեղինակության վրա, եւ հասարակության վստահությունը այս առումով գնալով նվազում է, իսկ նվազման պատճառները հենց այս կամայական գործողություններն են»,- ինքնաբացարկի իր միջնորդությունը ներկայացնելով՝ ասաց փաստաբան Զաքարյանը: Դատարանը մերժեց միջնորդությունը:
Այնուհետեւ ցուցմունք տվեց վկա Հենրիկ Զաքարյանը, որը, ըստ մեղադրական եզրակացության, 2000 դոլար գումար է տվել Վոլոդյա Ավետիսյանին, որ վերջինս նրա թոռանը ազատի զինվորական ծառայությունից: Նա ցուցմունք տալուց առաջ հայտարարեց, որ ինքը հիվանդ մարդ է եւ հիշողության հետ կապված խնդիրներ ունի:
Վկան պատմեց, որ ինքը ճանաչում է Վոլոդյա Ավետիսյանին, հանդիպել է նրա հետ, որ պայմանավորվի իր թոռանը՝ Հենրիկ Հարոյանին իր բնակավայրին մոտ ծառայության ուղարկելու եւ նրան «տեր կանգնելու» շուրջ, քանի որ «թոռն ունի բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում՝ հոգեկանի հետ կապված խնդիր»:
«Երեխուն պիտի հիվանդանոց պառկեցնեինք, Երեւանում էլ մարդ չունեինք, Վոլոդյան պիտի տեր լիներ, դեղեր առներ, պերեդաչի տաներ, դրա համար եմ էդ փողը տվել»,- դատարանում պատմեց վկան։
Ազատամարտիկներից մեկը վրդովվեց, հայհոյեց վկային եւ դուրս եկավ դատարանի դահլիճից, դատավորն էլ կարգադրեց, որ ոստիկանները ձերբակալեն հայհոյող ազատամարտիկին, դրանից ազատամարտիկներն ավելի նյարդայնացան. «Խի՞, էս դատարանում միայն դատավորն ու դատախա՞զը կարող են ապօրինություններ անել: Լեննականցիները թասիբ ունեն, բայց դու թասիբ չունես, յուբկա պիտի հագնես, յուբկա»: Ընդհանրապես, ազատամարտիկները հարցաքննության ժամանակ շատ վրդովված էին ու անհամբեր, նույնիսկ իրենք էին հարցեր տալիս, վկային, պտտվում ու պատասխանում էր։
Քանի որ վկա Զաքարյանը հակասական եւ կցկտուր ցուցմունքներ տվեց, դատախազը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատարանը ընթերցի վկայի նախաքննական ցուցմունքը:
Հակասությունն այն էր, որ վկան դատարանում պնդեց, որ ինքը միայն ցանկացել է իր թոռանը մոտ վայրում ծառայության դասավորել, եւ Վոլոդյա Ավետիսյանի հետ խոսել են միայն 2000 դոլարի մասին, իսկ նախաքննական ցուցմունքում գրել էր, որ ինքը ցանկանում էր իր թոռանն ազատել զինվորական ծառայությունից, եւ դրա համար պայմանավորվել էր Վոլոդյա Ավետիսյանին 5000 դոլար փոխանցել, իսկ 2000 դոլարը կանխավճար էր:
Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո վկան շարունակեց պնդել, որ ինքը չի ցանկացել իր թոռանն ազատել զինվորական ծառայությունից եւ 5000 դոլարի մասին իրենք չեն խոսել:
Այս ամենն առաջացրեց դահլիճում գտնվողների ծիծաղը:
Փաստաբան Զաքարյանը հարցրեց, թե արդյոք վկան կաշկանդվում է կամ վախենում է ինչ-որ մեկից, եւ ինչու չի կարողանում հստակ ասել, թե ինչն է պատճառը, որ իր ասածները եւ նախաքննության արձանագրությունում գրվածները չեն համապատասխանում, ինչին վկան պատասխանեց, որ ինքն ունի առողջական խնդիրներ, բացի դրանից, շփոթված է եղել այդ օրը, քանի որ առաջին անգամ է եղել ոստիկանությունում:
Վկա Հենրիկ Զաքարյանը նաեւ պատմեց, որ հարցաքննության օրը իրեն եւ թոռանը Ռազմական ոստիկանություն են տարել, չեն ներկայացրել իրենց իրավունքները, պահել են ամբողջ գիշեր եւ առավոտյան միայն ժամը 10:00-ին թույլ են տվել տուն գնալ։
Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի հարցերից վկան վրդովվեց, առանց հարցնելու փորձեց հեռանալ դահլիճից, սակայն կարգադրիչները նրան նորից ուղեկցեցին ամբիոնի մոտ:
Ազատամարտիկները կրկին վրդովվեցին, նրանցից մեկն ասաց, որ վկան հայրենիքի դավաճան է. «Աստծուց էլ չես վախենում, դու ու թոռդ մղկտալու եք, երկուսդ էլ սատկելու եք»:
Նշենք, որ վկա Հենրիկ Զաքարյանի թոռը Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությունից հետո 3 տարով տարկետում է ստացել զինվորական ծառայությունից:
Հիշեցնենք, որ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»: Վոլոդյա Ավետիսյանին առաջադրվել է եւս մեկ մեղադրանք՝ խարդախության փորձ կատարելու համար: Նա կաշառք ստանալու պատրվակով,չարաշահելով իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ալբերտ Ալեքսանդրի Մաթոսյանի մոտ ձևավորված վստահությունը, թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ալբերտ Մաթոսյանի որդի Արթուր Մաթոսյանին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը, սակայն չունենալով նման պայմանավորվածություն, 2013թ.հուլիսի 29-ին ժամը 14:00-ի սահմաններում Երևան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար, սակայն Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել:











