Այսօր Սեւանա լճի էկոհամակարգը գտնվում է անհավասարակշիռ վիճակում, վերջին տասնամյակի մի փոքր լավացումը, բայց, միաժամանակ, ձկան բացակայությունը հանգեցրել են շատ կրիտիկական վիճակի։ Նման տեսակետ է հայտնել անկախ փորձագետ Սեյրան Մինասյանը, հաղորդում է «ԷկոԼուրը»:
«Բնագիտության մեջ, քիմիայում, կենսաբանության մեջ հենց այդպես էլ կոչվում է՝ կրիտիկական վիճակ, երբ որ մի փոքր փոփոխություն, շեղում, կարող է շատ արագ բերել կատաստրոֆիկ հետեւանքների»,-ասել է նա:
Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովը հաստատել է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով 2014-ին Սեւանա լճից բաց կթողնվի 170 միլիոն առավելագույն ծավալի փոխարեն մինչեւ 240 միլիոն խմ ջուր։ Ինչպես նաեւ ՀՀ կառավարությունը հաստատել է «Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր»-ը, որի համաձայն` Սեւանա լճում արհեստական կերի հաշվին աճեցվելու է տարեկան 50 000 տոննա ձուկ: Այս երկու որոշումների իրագործումը մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի քաղցրահամ ջրի ռազմավարական պաշար Սեւանա լճի համար, հանուն որի փրկության պայքարում են բնապահպանները։
Նրանց պայքարը դիտե՛ք տեսանյութում։











