Երեւանում՝ Տիգրան Մեծ պողոտայի «Տաշիր» առեւտրի կենտրոնի եւ HSBC բանկի տարածքից 2013թ. նոյեմբերի 1-ին 19-ամյա Քրիստինեին փախցրել են իր կամքով, շոուի համար։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ասաց գործով ամբաստանյալ Սեւակ Սարգսյանը, որը Քրիստինեի երկրպագուի՝ Նորիկ Սարգսյանի հորեղբոր որդին է։
«Ես ոնց որ էդ շոուի մասնակից եմ եղել, հարգելի դատավոր, ես էլ ոչ մի բանից տեղյակ չեմ, ես պրոստը էտ շոուին մասնակցել եմ իրանց խնդրանքով։ Իրանք իրանց համաձայնությունը տվել են երկուսով»,- դատարանում հարցաքննության ժամանակ հայտարարեց ամբաստանյալը՝ընդգծելով, որ շոուն կազմակերպվել է Քրիստինեի մոր համար։
Մեղադրողի այն հարցին, թե ինչ է նշանակում շոու, ամբաստանյալը պատասխանեց. «Դե հիմա հայկական տրադիցիայով աղջիկ փախցնելը»:
Թեւ տուժող Քրիստինե դատարանը բերման ենթարկելու որոշում էր կայացրել, նա այդպես էլ չներկայացավ դատարան. աղջկա տատիկը տեղեկացրել էր, որ թոռնիկի գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի։ Դատարանն ընթերցեց նրա նախաքննական ցուցմունքը, որը, ի դեպ, Քրիստինեն մի քանի անգամ փոխել է։
«Առեւանգման ժամանակ ես որ գոռացել եմ՝ մամա, մամա, դա ձեւական բնույթ է կրել»,- գրել էր Քրիստինեն։
Փախցնելուց հետո Քրիստինեին տարել են Արարատի մարզի գյուղերից մեկը՝ Նորիկի բարեկամի մեկի տուն։ Ինչպես Քրիստինեն գրել է ցուցմունքում, այդ կինը համոզել է իրեն դուրս գալ մեքենայից ու համակերպվել կատարվածի հետ։
«Ասում էր, որ ես համակերպվեմ, քանի որ ինքը ինձ շատ է սիրում, փախցրել է, և ես նրա հետ պետք է լինեմ: Ասաց՝ ոչինչ, ժամանակին ինձ էլ են փախցրել»։
Ավելի ուշ Քրիստինեն փոխել է ցուցմունքը եւ ասել, որ իրեն փախցրել են բռնության գործադրմամբ։ Նա նշել է, որ առեւանգումից առաջ ինքը Նորիկին ասել էր, որ չի ցանկանում ամուսնանալ, քանի որ պատրաստվում է կարիերա անել։
Քննիչի այն հարցին, թե Նորիկ Սարգսյանը երբևէ հայտարարե՞լ է, որ ձեզ կփախցնի, Քրիստինեն պատասխանել է. «Նա այդքան տղամարդկություն չունի»:
Քրիստինեի խոսքով՝ Նորիկն իրեն չի վնասել, իր հետ սեռական հարաբերություն չի ունեցել:
Նորիկ Սարգսյանը իրեն մեղավոր է ճանաչել, դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, ապա Վերաքննիչ դատարանը նրա նկատմամբ պայմանական պատիժ է նշանակել՝ երկու տարվա փորձաշրջանով: Սևակ Սարգսյանը եղել է հետախուզման մեջ եւ ձերբակալվել է Ռուսաստանում պատահաբար՝ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու ժամանակ։
Դատարանում ներկայացվեց HSBC բանկի նկարահանող տեսախցիկների ֆիքսած՝ առեւանգման տեսագրությունը, որում երեւում էր՝ ինչպես են Նորիկի հորեղբոր երկու որդիները մոտենում Քրիստինեին եւ տարածքում ծաղկավաճառությամբ զբաղվող նրա մորը, զրուցում նրանց հետո, որից հետո մայրը հեռանում է հաճախորդին սպասարկելու, եւ օգտվելով առիթից՝ Սեւակը գրկում է աղջկան ու նստեցնում մեքենայի հետեւի նստարանին, որտեղ արդեն նստած էր Նորիկը։
Դատաքննության փուլն ավարտվեց, սկսվեց վիճաբանությունների փուլը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 16-ին։











