Պետք է արժանավայել մոտեցում ցուցաբերենք զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որն այցելել էր Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան հերոսամարտին զոհվածների հիշատակին:

«Երկրապահը մեծ արժեք է մեր ժողովրդի համար, երկրի համար եւ մեր հզոր բանակի հիմքն է: Այսօր ես խոնարհվում են բոլոր այն հայրենակիցների առջեւ, ովքեր զոհվեցին հանուն Արցախի ազատագրման, հանուն մեր պետության հզորացման եւ այսօր իմ այցելությամբ հարգում են իրենց, եւ ես համոզված եմ, որ յուրաքանչյուր մարտիկի, որը իր կյանքը զոհել է Արցախի ազատագրման համար, պարտավոր ենք հարգել եւ արժանավայել մոտեցում ցուցաբերել նրանց ընտանիքներին եւ մերձավորներին»,- ասաց նա:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 8-ին նշվում է Երկրապահի օրը: Այս կապակցությամբ Եռաբլուր էին այցելել ԵԿՄ վարչության անդամներ, ԱԺ պատգամավորներ եւ ազատամարտիկներ: