Երկրապահի օրը՝ մայիսի 8-ին, «Եռաբլուր» պանթեոն այցելած ԵԿՄ վարչության անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը խուսափեց խոսել պահեստազորի գնդապետ, արդեն ութ ամիս անազատության մեջ գտնվող Վոլոդյա Ավետիսյանի մասին:

NEWS.am-ի թղթակցին գեներալ Սարոյանը հորդորեց «ուրախ օրով իր տրամադրությունը չգցել»:

«Ուրախ օրով եկել, սկսել ես մուտլիովկա անել, էսօր ուրախանալու օր ա, քաղաքականության օր չի, աղջիկ ջան: Տրամադրությունս առավոտ շուտ գցում եք, եկել ես, մեր պրազդնիկն ա, փոխանակ գաս, մեզ մի հատ պաչես, շնորհավորես, առավոտ շուտ կռիվ ես գցում, ըտենց կլնի՞»,- ասաց նա:

Գեներալը շնորհավորեց Արցախյան հերոսամարտին մասնակիցներին՝ ցանկանալով առողջություն եւ հաջողություն աշխատանքում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը այսօր՝ մայիսի 8-ին, Եռաբլուր պանթեոն են այցելել ազատամարտիկներ, գեներալներ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։

Նշենք, որ մայիսի 8-ը երկրապահի օրն է, որը պետական տոնացույցում ընդգրկվել է 2002թ-ից: