Երեւանի Թումանյան –Մաշտոց խաչմերուկում այսօր՝ մայիսի 8-ին, բախում է տեղի ունեցել կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամների եւ ոստիկանության միջեւ:
Երթի մասնակիցները փորձել են դուրս գալ փողոցի երթեւեկելի հատված, ոստիկանները նրանց հրելով ու քաշքշելով փորձել են վերադարձնել մայթ։ Ոմանք պատմել են, որ տեսել են բերման ենթարկվողների։ Ոստիկանությունը, սակայն, այս տեղեկությունը չի հաստատել:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկաններն այժմ պատ են կազմել փողոցի երկայնքով, իսկ «ԴԵՄ ԵՄ»-ի անդամները ամեն անգամ կանգ առնելիս զուգահեռ պատ են կազմում՝ ասելով, որ ժողովրդին պաշտպանում են ոստիկաններից։
Հիշեցնենք, որ «ԴԵՄ ԵՄ»ի երթը վերջնակետը Շառլ Ազնավուրի հրապարակն է։
Երթի մասնակիցները պարբերաբար կանգնում են փողոցում եւ զուռնա-դհոլի երաժշտության ներքո քոչարի պարում։ Երթի ընթացքում ակցիան հսկող ոստիկանների ուժերի թիվը մեծացել է։
Նշենք, որ ավելի վաղ, երբ ցուցարարները նստացույց էին արել Ֆրանսիայի հրապարակում, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զգուշացրել էր, որ բողոքի ակցիան անօրինական է եւ նստացույց անողները կարգի կհրավիրվեն:
Հիշեցնենք, որ «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները իշխանությունից պահանջում են քաղաքացիներց նրանց կամքին հակառակ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները չգանձել եւ մինչեւ հիմա պահված գումարները հետ վերադարձվեն:














