Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում մայիսի 9-ին Անհայտ զինվորի շիրիմին ծաղիկներ դնելուց հետո կառավարության անդամները Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ միասին մասնակցեցին վրանային ավանդական ճաշկերույթին:
Ճաշկերույթի համար զբոսայգում դաշտային պարենային կետ էր բացվել: Վրանի տակ կազմակերպված ճաշկերույթին նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Հաղթանակի զբոսայգի այցելած նախարարները առանձին սեղանների շուրջ նստած՝ վետերանների հետ խմեցին Հյարենական մեծ պատերազմի զոհերի կենացները:
Ճաշացանկը զինվորական էր՝ հնդկաձավար, բրինձ, սպասքը՝ նույնպես։ Զինվորական սեղանից չէին միայն կոնյակի բաժակներն ու տոնական կոնյակը:
Ճաշկերույթին մասնակցող վետերանները, թեեւ NEWS.am-ի հետ զրույցում դժգոհեցին իրենց հանդեպ անուշադրությունից, իրենց սոցիալական ծանր վիճակից, բայց սեղանի շուրջ հնչեցրին միայն շնորհավորանքներ ու խմեցին խաղաղության կենացը, իսկ երբ մի քիչ գինովցան, հիշեցին այն երգերը, որոնք ռազմի դաշտում օգնել էին մարտական ոգին բարձր պահել։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











