Քնարիկ Հայրապետյանը 18-ամյա օրիորդ էր, երբ ստիպված եղավ հրետանու արկերն ուսերին մարտադաշտ մտնել։
«Որ սնարյադների մեքենան գալիս էր, չէր կարողանում մտնել զորամաս, 20-30 մետր հեռավորության վրա սնարյադները մենք էինք տեղափոխում։ Մեկն ուսիս էի դնում, մյուսը՝ թևիս տակ, զարմանում էին աղջիկները։ Գյուղացու երեխա էի էլի, ղոչաղ էի»,- NEWS.am-ին պատմեց 90-ամյա տատը։
Հաղթանակի օրը Քնարիկ Հայրապետյանը դիրքերում էր, ուրախալի լուրը վրացուհի զինակիցն է հայտնել, ինքն էլ՝ ամբողջ զորամասին։
«Հայրապետյան, Հայրապետյան, Война кончилась, война кончилась… ուրախությունից ուսիցս կախված հրացանում 5 փամփուշտ կար, 5-ն էլ օդ կրակեցի, և ամբողջ զորամասն արթնացավ»,- պատմեց կապանցի տիկին Քնարիկը՝ հպարտությամբ նշելով, որ հենց իրենից զորամասն իմացավ հաղթանակի լուրը։
Տիկին Քնարիկն այսօր Կապանում բնակվող մյուս վետերանների հետ քաղաքի Գարեգին Նժդեհ հրապարակում մասնակցեց վետերանների մեծարման միջոցառմանը։











