Հայաստանում գործում է մի հանցավոր կազմակերպություն, որը կոչվում է «ՀԱԿ երիտասարդական միություն»։ «Երիտասարդական Կոնգրես» վերանվանված միության համագումարում այսօր՝ մայիսի 10-ին, ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

«Դա մի հանցավոր կազմակերպություն է, որը տարիներ շարունակ ահաբեկման է ենթարկել ՀՀ իրավապահ մարմիններին, խախտել հասարակության անդորրը, այս կազմակերպության դեմ շատ լուրջ պայքար է գնացել, բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, բազմաթիվ մարդիկ ձերբակալվել են եւ դեռ շարունակվում է պայքարը այս կազմակերպության դեմ։ Ես չեմ խոսում «Կոզա Նոստրայի» կամ «Յակուձայի» մասին, ես խոսում եմ ՀԱԿ երիտասարդական թեւի մասին։ Եկեք հիշենք այդ հանցավորների անունները՝ Տիգրան Առաքելյան, Արեգ, Սարգիս, Անի Գեւորգյաններ, Մարիամ Մուրադյան, Տաթեւիկ Պողպատյան, Սահակ Մուրադայան, Արեն Մանուկյան, Դավիթ Վարդանյան, Դավիթ Քիրամիջյան»,- ասաց Լեոն Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստները, որոնք «տարբեր մասնագիտությունների տեր լուսավորյալ անձնավորություններ» են ՀՀ-ում համարվում են «կրկնակի հանցագործներ»։

«Այս լուսավորյալ անձինք ինչպե՞ս կարող են դառնալ հանցագործ իրենց սեփական երկրում, իմ բացատրությունը միակն է. նրանք դարձել են հանցագործ, քանի որ այս երկիրը ղեկավարում են ավազակները, եւ այն պատճառով, որ այս պետական կազմը, որ հաստատվել է Հայաստանում, կոչվում է ավազակապետություն։ Ավազակները կառավարում են, ստանում են պաշտոններ, իսկ լուսավորյալ, արժանապատիվ երիտասարդները հայտնվում են բանտերում, ուրեմն հասկանալի է մեր հետագա պայքարի բանալին»,- ասաց Լեւոն Զուրաբյանը, որն իր ելույթն ավարտեց ավանդական «Պայքար, պայքար մինչեւ վերջ» կարգախոսով։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am