Երեւանում այսօր՝ մայիսի 10-ին, ընթացող՝ «Երիտասարդական Կոնգրես» վերանվանված ՀԱԿ երիտասարդական միության համագումար այցելեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Համագումարում ընդմիջում էր հայտարարվել, եւ մասնակիցներն արդեն ուզում էին դուրս գալ դահլիճից, երբ ներս մտավ ՀԱԿ կուսակցության ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը, որին ներկաները դիմավորեցին «Լեւոն, Լեւոն» վանկարկումներով ու ծափահարություններով։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նա ձեռքով բարեւում էր բոլոր ներկաներին, հարցնում նրանց որպիսությունը։

Առաջին նախագահի գալուց հետո հայտարարվեց, որ ընդմիջումն ուժի մեջ է, ինչից հետո Լեւոն Տեր-Պետրոյանը կատակեց՝ ասելով. «Ես հենց ընդմիջման համար էլ եկել եմ»։

Լրագրողները փորձեցին հարցեր տալ առաջին նախագահին, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին ելույթի մասին, սակայն նա պատասխանեց կարճ. «Չեմ արձագանքում», եւ լրագրողների հարցերից խուսափելու համար դուրս եկավ այգի՝ ծխելու։

Լեւոն Տեր-Պետրոսյանի գալուց հետո հայտարարվեց, որ ընդմիջումից հետո համագումարը փակ է լինելու, չի թույլատրվելու լուսաբանումը, քանի որ քննարկվելու են աշխատանքային հարցեր, իսկ արդյունքների մասին կտեղեկացնեն մամուլի ասուլիսում։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am