«Պահպանենք Աֆրիկյանների ակումբը» քաղաքացիական նախաձեռնությունը եւ «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը այսօր՝ մայիսի 12-ին, Երեւանի Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների շենքի մոտ ստորագրահավաք էր կազմակերպել ի պաշտպանություն հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքի պահպանման:

«Ակցիայի նպատակն է իրազեկել Աֆրիկյանների շենքի մասին եւ այն մասին, որ շենքը ուզում են քանդել, տեղը ինչ-որ էլիտար հյուրանոց կառուցելու համար: Շատ քիչ մարդ է այսօր եկել, ինչպես հասկանում եմ, բոլորը Երեւանը սիրում են շատ ձեւականորեն, երեւանցի են ձեւականորեն, այսինքն՝ Տարոնի կազմակերպած համերգի համար իրենք լավ երեւանցի են, բայց պատմամշակութային հուշարձանը պահպանելու համար այնքան էլ չէ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Աշոտ Խաչատրյանը՝ նշելով, որ նախաձեռնության անդամները օրվա ընթացքում հերթապահելու են տան մոտ, որպեսզի թույլ  չտան շենքը քանդել:

Նշենք, որ 10 հոգանոց ակցիան հսկում էր 5-6 ոստիկան:

Նախաձեռնության անդամի խոսքով՝ Աֆրիկյանների շենքը աստիճանաբար են քանդում. «Մի ամիս առաջ աստիճաններ կային, հիմա դրանք չկան, առաստաղից էլ են քանդել, ու անընդհատ ինչ-որ մի բան քանդում են, դրա համար այս վիճակում է շենքը»: Նա ասաց, որ չի հավատում, որ քար առ քար տեղափոխվելուց հետո Աֆրիկյանների շենքը կպահպանի իր ճարտարապետական արժեքը։

Աշոտ Խաչատրյանը կարծում է, որ շենքը կարելի է վերականգնել, մանավանդ որ քաղաքում նմանատիպ մոտ 10 շենք է մնացել:

«Էս տարիքի մի քանի շենք է մնացել, ու եթե չպահպանենք, ո՞ւմ ա պետք էլ Երեւանը: Էս գավառամիտների մոտ մի հատ միտք չի ծագում, որ հին շենքերը ավելի թանկ կարելի է վաճառել»,-ասաց Աշոտ Խաչատրյանը:

Նախաձեռնության անդամ Գրիգոր Ղազարյանի կարծիքով՝ Աֆրիկյանների շենքը պետք է տուրիստական կենտրոն դառնա Երեւանում, քանի որ այդ տարիքի շենք քաղաքում մի քանի հատ է մնացել, եւ ցանկացած տարբերակով պետք է պահպանել ոչնչացումից:

Աֆրիկյանների տունը կառուցվել է 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին։ Խորհրդային տարիներին ծառայել է որպես բազմաբնակարան շենք։ 2004թ. կառավարությունը Աֆրիկյանների տունը ներառեց պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի հավելվածում, ինչը նշանակում է, որայն ենթակա է տեղափոխման։ Այնուհետեւ տարածքը ճանաչվեց բացառիկ գերակա հանրային շահ եւ վաճառվեց «Դվին հոլդինգին»։