Բնապահպան ակտիվիստները, որոնք ժամանակին Մաշտոցի պուրակում առեւտրի կրպակներ տեղադրելու դեմ էին պայքարում, այսօր՝ մայիսի 13-ին, հավաքվել էին Մաշտոցի պուրակում, որպեսզի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին թույլ չտան պուրակի մի հատվածը Միսակ Մանուշյանի անունով կոչել։

«Մենք ոչինչ չունենք Միսակ Մանուշյանի դեմ, իր արած գործերի եւ արարքների մեջ որեւէ վատ բան չկա, որ մենք դեմ լինենք, ուղղակի քաղաքում կան շատ ավելի անշուք եւ անբարեկարգ այգիներ, որոնք անուն չունեն: Նրանք կարող են հենց այդ այգիները անվանակոչեն նրանց անվամբ եւ ոչ թե այս այգին, որը քաղաքացիական ակտիվիստների հաղթանակի խորհրդանիշն է դարձել»,- ասաց ակտիվիստներից մեկը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակտիվիստները ցանկանում էին մոտենալ Ֆրանսիական համալսարանից պուրակ եկած ուսանողներին, որոնք Ֆրանսիայի դրոշներով կանգնած էին առաջին շարքում։ Ոստիկանները նրանց թույլ չտվեցին առաջ գնալ, ինչն էլ հրշտոցի պատճառ դարձավ: Մեր թղթակցի հաղորդմամբ՝ երեքից ավելի ակտիվիստ, որոնց մեջ նաեւ աղջիկ կա, բերման է ենթարկվել:

Մեքենա մտցնելու պահին աղջիկը NEWS.am-ի թղթակցին ասել է, որ իրեն «քաշքշել են, ձեռքերը ճանկռել, եւ մարմինն այս պահին ցավում է»:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am