Երեւանի սրտում գտնվող, հասարակության շրջանում որպես Մաշտոցի պուրակ հայտնի՝ Մաշտոցի պողոտայի այգին այսօր՝ մայիսի 13-ին, Ֆրանսիայի եւ Հայաստանի նախագահների մասնակցությամբ հանդիսավոր արարողությամբ անվանակոչվեց Ֆրանսիայի ազգային հերոս, դիմադրության շարժման մարտիկ Միսակ Մանուշյանի անունով (ֆոտոռեպորտաժ)։
Ինչպես արարողության սկզբում նշեց նախագահ Սերժ Սարգսյանը, նախատեսված ավելի ընդարձակ ելույթները մայրաքաղաքում երեկվանից պարբերաբար տեղացող անձրեւի պատճառով հանվել են արարողության ծրագրից։
Այնուամենայնիվ, արարողության ժամանակ արդեն առավոտից տեղացող անձրեւը դադարել էր, եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նկատեց, որ «հայ-ֆրանսիական բարեկամության ուժը ստիպեց, որ վերադառնա արեւը»։
Նրա խոսքով՝ Մանուշյանն ինքն էլ Ցեղասպանությունից մազապուրծ Ֆրանսիա էր գնացել ազատության կապույտ երկինքը գտնելու։
«Բայց ֆաշիզմը մթագնեց այն, ու նա դուրս եկավ իր հյուրընկալող երկրի ազատությունը պաշտպանելու, եւ զոհվեց հանուն Ֆրանսիայի»,- ասաց Օլանդը՝ Միսակ Մանուշյանին անվանելով հայ-ֆրանսիական բարեկամության խորհրդանիշ։
Արարողությանը ներկա էին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն, Օ դե Սենի նահանգապետ Պատրիկ Դեւեջյանը։
Երկու երկրների նախագահները նաեւ շրջեցին պուրակոմ, զրուցեցին Ֆրանսիայի նախագահին ողջունելու եկած քաղաքացիների հետ։
Պուրակում Միսակ Մանուշյանի հուշաքարը բացելուց հետո Հայաստանի կամերային երգչախումբը կատարեց Ռոբերտ Ամիրխանյանի նոր ստեղծագործությունը՝ Լուի Արագոնի «Տողեր հիշելու համար կամ կարմիր աֆիշ» բանաստեղծության հիման վրա, որը ֆրանսիացի անվանի բանաստեղծը գրել էր դեռ 60 տարի առաջ՝ Միսակ Մանուշյանի՝ կնոջն ուղղված վերջին նամակից ոգեշնչված։
Նշենք, որ այս բանաստեղծության հիման վրա անվանի երաժիշտ Լեո Ֆեղեի գրած երգը համարվում է Ֆրանսիայի դիմադրության շարժման ոչ պաշտոնական օրհներգը։ Այն առաջին անգամ կատարվել է Ֆրանսիայում՝ Մանուշյանի անունով կոչված առաջին փողոցի բացման ժամանակ։ Ի դեպ, Ֆրանսիայի ամբողջ տարածքում Միսակ Մանուշյանի անունը կրող բազմաթիվ փողոցներ, հրապարակներ, եւ պուրակներ կան։














