Ստամբուլի Մալթեփե թաղամասում անհայտ անձիք հետեւել են բանկից դուրս եկած մորն ու որդուն եւ ճանապարհին ուժի գործադրմամբ թալանել՝ դանակահարելով որդուն եւ վրաերթի ենթարկելով մորը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում մայր ու որդի բնակարան գնելու նպատակով բանկից վերցրել են 200 հազար լիրա եւ ուղեւորվել անշարժ գույքի գործակալություն, որի ընթացքում նրանց մեքենայով հետապնդել են 3 հոգի։
Ճանապարհին մեքենայի մեջ գտնվող անձիք փորձել են հափշտակել մոր ու որդու մոտ գտնվող գումարը, սակայն դիմադրության են հանդիպել, ինչից հետո դանակահարել են որդուն, վրաերթի ենթարկել մորն ու տարել գումարը։
Դեպքի վայր մեկնած շտապօգնության մեքենան որդուն եւ մորը տեղափոխել է հիվանդանոց, ոստիկանությունն էլ միջոցներ է ձեռնարկում հանցագործներին հայտնաբերելու համար։











