Դիտել 4:11 րոպեից

Համացանցում մայիսի 13-ին սենսացիոն տեսանյութ է տեղադրվել՝ «Ինչպես է Խալափյանի դիմակը պատռվում։ Նվեր բոլոր նրանց, ում այս սողունը վատություն է արել» վերտառությամբ։

Տեսանյութում կաշառք պահանջող Արշավիր Խալափյանը Կապանում հայտնի փաստաբան է, առավել ևս, «Հակակոռուպցիոն կենտրոնի» համակարգող է եղել։

Տեսանյութի հեղինակ Աշոտ Կույումջյանը Կապանի NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ դիմել է քաղաքապետարան՝  իր սեփական հողամասում ավտոտնակի կառուցապատման թույլտվություն ստանալու համար, սակայն չսպասելով համապատասխան փաստաթղթերին սկսել է աշխատանքները։

Նույն՝ Ռաֆայել Մինասյան 17 հասցեում է գտնվում նաև «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահ Արշավիր Խալափյանի սեփականությունը, սակայն Կույումջյանի համոզմամբ, դրանք իրար բացարձակապես չեն խանգարում։

Այնուհանդերձ, Խալափյանը մի քանի դիմում է ներկայացրել քաղաքապետարան՝ բնակիչների անունից բողոքելով, որ ավտոտնակի կառուցման աշխատանքները դադարեցվեն։ Շենքի բնակիչները, սակայն, ստորագրել են, որ համաձայն են, որ Աշոտ Կույումջյանը ավտոտնակ տեղադրի։ Խալափյանի հետ տարաձայնությունը հարթելու համար Կույումջյանը հանդիպում է կազմակերպել և գաղտնի նկարահանել, թե ինչպես է փաստաբանը դիմումի ընթացքը կասեցնելու համար 1500 ԱՄՆ դոլարին համարժեք բնամթերք պահանջում։

«Իմ նպատակն այն չէ, որ անվերջ կոռուպցիայի դեմ պայքարող փաստաբանը քրեական պատասխանատվություն կրի, միայն ցանկացել եմ նրա դիմակը պատռել»,- ասաց Կույումջյանը։

Արշավիր Խալափյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալուց, NEWS.am-ի հետ հեռախոսազրույցում նա միայն ասաց. «Առայժմ ձեռնպահ եմ մնում որևէ մեկնաբանություն տալուց, բայց այդ քայլը անհետևանք չի մնա»։

Մարգարիտա Մանուկյան