Դանակի 21 հարվածով կնոջը սպանած Վոլոդյա Մուրադյանի գործով դատական հերթական նիստին ամբաստանյալն այսօր՝ մայիսի 14-ին, հրաժարվեց իր փաստաբան Արմեն Ումրշատյանի ծառայություններից։
«Ինքը փաստաբան չի, ինքը սուտաբան ա»,- դատարանում իր որոշումը հիմնավորեց ամբաստանյալ Վոլոդյա Մուրադյանը։
Դատավորը, հաշվի առնելով փաստը, որ դատական նիստը չի կարող շարունակվել առանց ամբաստանյալի փաստաբանի, որոշեց դատական նիստը հետաձգել:
Դիաննա Նահապետյանի իրավահաջորդի փաստաբան Արամ Մանուկյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով՝ փաստաբանը ինչ-որ խոստումներ է տվել, որոնք չի կարողացել իրականացնել, կամ էլ ամբաստանյալը պարզապես փորձում է ժամանակ շահել:
«Ջրում խեղդվողը հույսը դնում է փրփուրների վրա, նույնիսկ ձեռ է գցում փրփուրներին, հիմա այստեղ հենց այդ տարբերակն է: Սա այն մարդն է, ում սպասվում է նվազագույնը 10 տարվա բանտարկություն, իսկ ինքն արդեն 54 տարեկան է, այդքան տարի բանտում մնալն իրա համար մահ է նշանակում»,- ասաց Արամ Մանուկյանը:
Սպանված Դիաննա Նահապետյանի մայրը՝ Վալյա Նահապետյանը, NEWS.am-ին ասաց, որ համամիտ է իր փաստաբանի կարծիքի հետ: «Թազա փաստաբան որ բերի, թազա փաստաբանը ի՞նչ պետք է անի: Հոդվածը ոչ ոք չի կարող փոխել, քանի որ այն հետադարձ ուժ չունի: Ինքը այնքան պրիմիտիվ չէ, որ չհասկանա, որ ոչ մի փաստաբան իրան չի կարող այստեղից հանել կամ էլ իրա համար թեթև պատիժ ստանալ:Եթե այդ սրիկայի մեջ գոնե մի գրամ մարդկություն մնացած լիներ, ինքը պետք ա ուզեր մի օր առաջ զոնա գնար»,- ասաց տիկին Վալյան:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 27-ին: Հիշեցնենք, որ Վոլոդյա Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. ապրիլի 12-ին Արարատ քաղաքի իրենց բնակարանի հյուրասենյակում ամուսնական անհավատարմության հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել կնոջ՝ Դիաննա Նահապետյանի հետ, որի ընթացքում կյանքից զրկելու նպատակով ապակյա ծաղկամանով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այնուհետև Դիաննա Նահապետյանի մազերից քաշելով տարել է խոհանոցի մուտքի մոտ, որտեղ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով գլխի ձախ կողմնային, ծոծրակային շրջանների սալջարդ վերքեր, ճակատի արյունազեղումներ, դեմքի, պարանոցի, իրանի աջ վերին վերջույթի բազմաթիվ կտրած ծակած, թափանցող և չթափանցող վերքեր, զույգ թոքերի և լյարդի վնասվածքներ, ներքին և արտաքին արյունահոսություն։ Դիաննա Նահապետյանը տեղում մահացել է։ Այս տեսարանին ներկա են եղել Դիաննայի 14-ամյա և 17-ամյա դուստրերը, ովքեր դուրս գալով փողոց՝ փորձել են օգնություն խնդրել հարևաններից, բայց ոչ ոք չի արձագանքել։ Վոլոդյա Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի երկրորդ մասով, որով նախատեսվում է մինչեւ ցմահ ազատազրկում:











