Հայաստանում Բրիտանական խորհուրդը, Հայաստանում Բրիտանիայի դեսպանատան եւ Հայ գրականության հիմնադրամի հետ համատեղ այսօր` մայիսի 14-ին, չորրորդ անգամ կազմակերպել էին Համաեվրոպական գրական գիշեր միջոցառումը, որի նպատակը ժամանակակից գրականությունը տարածելն է։
Այդ նպատակով Հյուսիսային պողոտայում տեղադրվել է թեյի սեղան՝ անգլիական ավանդույթով, որի մոտ նստած երիտասարդ գրող Հովհաննես Թեգյոզյանը ցուցադրաբար ընթերցում է սեղանին դրված գրքերից մեկը Ա. Քենեդու «Անջնջելի արարքներ» պատմվածքները։
«Միջոցառման նպատակը ընթերցանության հանդեպ հետաքրքրություն առաջացնելն է: Միջոցառման համար նախատեսված գրականությունը ընտրվում է Բրիտանական խորհրդի կողմից, իսկ հայ ժամանակակից գրողները, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու միջոցառմանը, սիրով կարդում են»,- NEWS.am-ին ասաց «Հայ գրականություն հիմնադրամի» գործադիր նախագահ Արեւիկ Աշխարոնյանը։
Միջոցառմանը ներկա էր նաեւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը։
«Քենեդին ամենահայտնի ժամանակակից բրիտանացի գրողներից է։ Այս միջոցառումը հնարավորություն է տալիս ընդլայնել նրա ընթերցողների լսարանը»,- NEWS.am-ին ասաց դեսպանը։
Անգլիական ավանդույթի համաջայն՝ միջոցառման մասնակիցներին մատուցվեց երեկոյան թեյ:











