Գյումրիում մարտի 15-ին ազգությամբ քուրդ Էվիլիա Գյուլիշթեքինի սպանությունից հետո նրա անչափահաս երեխաները՝ 10-ամյա Սոնան  ու 6-ամյա Սալին, ազգությամբ եզդի մորաքրոջ խնամքի տակ էին մինչեւ մայիսի 13-ը: Այդ օրը ոստիկանության աշխատակիցները եւ Գյումրու քաղաքապետարանին կից խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի անդամները գնացել են նրանց տուն ու երեխաներին տեղափոխել  Գյումրու «Թռչունյան տուն» գիշերօթիկ մանկատուն։

NEWS.am-ի հետ զրույցում երեխաների մորաքույրը՝ Բասե Շարոյանը, ասաց, որ երեխաների խնամակալությունն իր վրա վերցնելու համար մեկ ամիս առաջ դիմել է Գյումրու քաղաքապետարանի համապատասխան հանձնաժողով, որը, սակայն, Բասե Շարոյանին որպես երեխաների խնամակալ չի ճանաչել:

«Ես իմ քրոջ երեխաների օրինական խնամակալն եմ, նրանց մայրը չկա, հայրը չկա, եղբայրը հիմա բանտարկված է, ես եմ իրանց օրինական խնամակալը»,- ասաց Բասե Շարոյանը:

Խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովում ասում են, որ երեխաների ծնողների երկու կողմերն էլ՝ ազգությամբ եզդի մորաքույրն ու  Թուրքիայում բնակվող քուրդ հորաքույրը, հավասար իրավունքներ ունեն, երկուսն էլ երեխաների խնամակալության համար հայտ են ներկայացրել հանձնաժողով, վերջիններս էլ որոշում են կայացրել երեխաներին անժամկետ հանձնել գիշերօթիկ մանկատան ղեկավարության խնամքին, մինչեւ վերջնականապես որոշվի որպես խնամակալ ճանաչելու հարցը։

«Քանի որ եղբայրը գտնվում է անազատության մեջ, նա այս պարագայում առայժմ խնամակալ չի կարող լինել, բացի այդ երեխաների եւ հորական եւ մորական կողմերը հավասար իրավունքներ ունեն, նրանք երկուսն էլ խնամակալության հայտ են ներկայացրել, բայց հանձնաժողովում քննարկեցին ու որոշեցինք ժամանակավորապես հանձնել նրանց գիշերօթիկ, մինչեւ բոլոր հարցերը քննարկվեն»,-NEWS.am-ին ասաց հանձնաժողովի անդամ Լուսինե Գինոսյանը:

Ըստ Լուսինե Գինոսյանի՝ հաշվի է առնվում նաեւ երեխաների ցանկությունը, թե ում հետ են նրանք ցանկանում ապրել: Մորաքույրը Բասե Շարոյանն էլ վստահեցնում է, որ թույլ չի տա երեխաներին ուղակել Թուրքիա:

«Ես իմ քրոջ երեխաներին ոչ մի դեպքում Թուրքիա չեմ  թողնի տանեն, միայն իմ դիակի վրայով նրանց կտանեն, էդ հորաքույրը տանի, Աստված գիտի՝ ինչղ է պահելու լույս բալիկներիս, ես դրանց երեխա տվողը չեմ», - ասաց Բասե Շարոյանը:

Երեխաների եղբայրը՝ 23-ամյա Մաքսիմ Բաքոյանը, երկու ամիս է՝ անազատության մեջ է։ Նրա  նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննական փուլը մոտենում է ավարտին։ Այս մասին NEWS.am-ին ասաց ՇՄ դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

Նրա խոսքով՝ դեռեւս պատրաստ չեն դիակի (Էվիլիա Գյուլիշթեքինի) դատաբժշկական ու մի շարք փորձաքննության արդյունքները, որից հետո կտրվի անձի (Մաքսիմ Բաքոյանի) արարքի ավարտական իրավական գնահատական՝ քրեական գործով կկազմվի մեղադրական եզրակացությունն ու գործը կուղարկվի դատարան:

Դատախազը Մաքսիմ Բաքոյանին եւ նրա հարազատներին խուրհուրդ է տալիս այդքան չշահարկել խորհթ հորը վրեժի հողի վրա սպանելու վարկածը, քանի որ դա կարող է ավելի բարդացնել Մաքսիմի վիճակը։

«Մեղադրվողն իր ցուցմունքներում ասել է, որ մորը սպանելու համար վրեժ է լուծել հորից, ես  կուզենայի մատնանշել մի հանգամանք, որ վրեժի շարժառիթով կատարված սպանությունը դասվում է առավել վտանգավոր տեսակների շարքը, ուստի խորհուրդ չեմ տա  եւ ազգականներին եւ մտերիմներին հաճախակի շահարկել վրեժի շարժառաիթը։ Ավելին՝ ՌԴ-ում վրեժի շարժառիթը  դասվում է ծանրացուցիչ սպանությունների շարքին, այլ կերպ ասած՝ կոնկրետ  այս դեպքում մեղադրյալի համար «ավելի ձեռնտու» է ասել, որ անձնական փոխհարաբերությունների շուրջ է ծագել սպանությունը, քան  որ վրեժի շարժառիթով է կատարվել»,- NEWS.am-ին  ասաց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

Հիշեցնենք, որ Մաքսիմ Բաքոյանի մորը՝ Մայա Բաքոյանին, մեկ տարի առաջ Թուրքիայում սպանել էր ամուսնու՝ Էվիլիա Գյուլիշթեքինի եղբայրը՝ կնոջ 4 տարեկան որդու աչքի առջև հրազենային մահացու վնասվածք հասցնելով հարսին: Մարտի 15-ին Մաքսիմը, որը մինչեւ այդ Գերմանիայում էր ապրում, վերադարձել էր Գյումրի և իր երկու հարազատ քույրերի, խորթ հոր եւ նրա 2 զավակների հետ ապրում էր Գյումրիում: Մարտի 15-ին նա դանակահարելով սպանել էր խորթ հորը։ Սպանությանն ականատես էր եղել Մաքսիմի մորաքույրը, որը NEWS.am-ին պատմել էր, որ Մաքսիմը դանակը մտցրել է խորթ հոր սիրտը, երբ վերջինն ասել է, որ Թուրքիա է գնալու՝ նրա մոր արյան փողը վերցնելու: «Մաքսիմն էլ՝ թե ոնց, դու մամայիս փողով ե՞ս սպանել, դու հասկանում ե՞ս՝ ինչ ես խոսում»,- ըստ Մաքսիմի մորաքրոջ, ասել էր տղան, վիճել խորթ հոր հետ ու դանակահարել նրան։ 23-ամյա Մաքսիմ Բաքոյանը կալանավորված է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 104 հոդված 1-ին մասի հատկանիշներով: