Հայ հանճարեղ կատակերգու, կատակերգության թագուհի։ Իր երկար տարիների խաղընկեր, դերասանուհի Սվետլանա Գրիգորյանին այսպես նկարագրեց դերասան Բորիս Պեպանյանը։

84 տարեկանում կյանքից հեռացած սիրված դերասանուհու հոգեհանգիստին այսօր՝ մայիսի 14-ին, ներկա էին նրա կոլեգաներն ու մեծ թվով երկրպագուներ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

Սվետլանա Գրիգորյանին վերջին հրաժեշտը կտան վաղը՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, նրա մարմինը կամփոփվի Երեւանի քաղաքային պանթեոնում։

Նշենք, որ նշանավոր դերասանուհու վերջին դերը «Մեր տան տերերը» ներկայացման մեջ թագուհու դերակատարումն էր, իսկ վերջին 2.5 տարիներին այլեւս բեմ չէր բարձրանում՝ հիվանդության պատճառով:

Հիշեցնենք, որ դերասանուհի մահացել է մայիսի 12-ի առավոտյան 84 տարեկան հասակում:

Սվետլանա Գրիգորյանը ծնվել է 1930թ. սեպտեմբերի 30-ին, Երեւանում: Բեմում հայտնվել է 13 տարեկանում, երբ թատերական ուսումնարանի սան է եղել: Ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը:

1949թ-ից, Վարդան Աճեմյանի հրավերով, խաղացել է Երեւանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Խաղացել է ավելի քան 150 դեր` Սիմա` «Մի քաղաք կա Վոլգայի վրա», Մարիետա` «Բայադերա», Կոլոմբինա` «Վենետիկյան երկվորյակներ», Լիքսենա` «Պարերի ուսուցիչը», Նունուֆար` «Հին հիվանդություն», Մարթա`«Ատամնաբույժն արեւելյան», Ժաննա` «Ռոզ Մարի», Նատա` «Սոֆիկի սխալը», Դիաննա` «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք», Ռոզալյա` «Չանիտայի համբույրը», Ժիկվան` «Տիկին Միսիստրուին», Ռոզը` «Տաքսի-տաքսի», Սաթենիկը` «Իմ զոքանչը» եւ այլն: 1958թ. եղել է հայ հեռուստաթատրոնի հիմնադիրներից մեկը:

Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, արժանացել է բազմաթիվ պատվոգրերի եւ մրցանակների: 2009թ. Լոս Անջելեսում նրան է հանձնվել «Ծիծաղի թագուհի» տիտղոս: 55 տարի եղել է դերասան Կարպ Խաչվանքյանի խաղընկերը: Արժանացել է ԽՍՀՄ վաստակավոր, 1987թ.` ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Արժանացել է նաեւ ՀՀ «Մովսես Խորենացի» ու Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալների:

Երեւանի պատվավոր քաղաքացի է: 2011թ. հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգեւատրվել է ՀՀ 1-ին աստիճանի մեդալով: