Ինտերնետում հայտնվել է տեսագրություն, որում երեւում է, թե ինչպես են Մանիսա նահանգի Սոմայի շրջանի ածխահանքում զոհվածների հարազատները հարվածում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծառայողական մեքենային։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցելել է Սոմայի քաղաքապետարան եւ երբ դուրս է եկել այնտեղից, մի երիտասարդ Էրդողանի դեմ կարգախոսներ է հնչեցրել։ Այդ ժամանակ ոստիկանները նրան ձերբակալել են, ինչը զայրացրել է հավաքված քաղաքացիներին, ովքեր միացել են բողոքին։

Այդ ընթացքում Էրդողանը, տեսնելով զայրացած քաղաքացիներին, արագ մտել է հարեւանությամբ գտնվող առեւտրի կրպակը եւ մի փոքր սպասել անվտանգ հեռանալու համար։

Նշենք, որ Մանիսա նահագի Սոմայի շրջանում գտնվող ածխահանքում էնթակայանի պայթյունի հետեւանքով տարբեր աղբյուրներով զոհվել են մոտ 350 հանքափոր, իսկ Թուրքիայի էներգետիկայի նախարարի խոսքերով զոհերի թիվը 282 է։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են, քանի որ տարբեր աղբյուրներով հանքում առանց դրսի կապի են մնացել մոտ 300 աշխատակից։