Մայիսի 15-ին դերասանուհի Սվետլանա Գրիգորյանին վերջին հրաժեշտը տվեցին նրա հարազատ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից։

«Ծիծաղի թագուհուն» հրաժեշտ տալու էին եկել գործընկերները, երկրպագուները։

«Նրան ասում էին Ծիծաղի թագուհի։ Իրոք որ այդպես էր։ Բայց ես կավելացնեի՝ առողջության թագուհի։ Նրա ծիծաղը այնպիսի ծիծաղ էր, որ մարդիկ դահլիճից հեռանում էին՝ դեռ երկար ժամանակ ժպիտը դեմքներին։ Նա առողջացնում էր մարդկանց, կյանք էր ներշնչում, իմաստավորում նրանց ապրելակերպը»,- հրաժեշտի խոսքում ասաց Սվետլանա Գրիգորյանի խաղընկեր, դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը։

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը նշեց, որ Սվետլանա Գրիգորյանի վախճանով փակվեց Պարոնյան թատրոնի հզորների վերջին վարագույրը.

«Ես չգիտեմ ուրիշ դերասանուհու, որ կարողանար անքան ծափեր կորզել, որ հավաքեր բոլոր դերասանների ծափերը։ Սգում է Պարոնյան թատրոնը։ Սգում է ողջ հայ հանդիսատեսը։ Սգում է քանի որ կորցրերց իր տատիկին, մորը, իր աղջկան իր թոռնուհուն։ Հարստացնում ենք պանթեոնները, ինքներս՝ անխղճորեն աղքատանում։ Իր գոյությամբ նա ապացուցեց, որ միայն կարգին մարդը կարող է կարգին արվեստ ստեղծել»։

Սվետլանա Գրիգորյանի մարմինը թատրոնից դուրս բերեցին ծափողջյունների ներքո։ «Ռոզը գնաց»,- ասում էին հավաքվածները։ Նրա մարմինն ամփոփվեց Երեւանի քաղաքային պանեթոնում։

Հիշեցնենք, որ դերասանուհին մահացել է մայիսի 12-ի առավոտյան 84 տարեկան հասակում:

Սվետլանա Գրիգորյանը ծնվել է 1930թ. սեպտեմբերի 30-ին, Երեւանում: Բեմում հայտնվել է 13 տարեկանում, երբ թատերական ուսումնարանի սան է եղել: Ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը:

1949թ-ից, Վարդան Աճեմյանի հրավերով, խաղացել է Երեւանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Խաղացել է ավելի քան 150 դեր` Սիմա` «Մի քաղաք կա Վոլգայի վրա», Մարիետա` «Բայադերա», Կոլոմբինա` «Վենետիկյան երկվորյակներ», Լիքսենա` «Պարերի ուսուցիչը», Նունուֆար` «Հին հիվանդություն», Մարթա`«Ատամնաբույժն արեւելյան», Ժաննա` «Ռոզ Մարի», Նատա` «Սոֆիկի սխալը», Դիաննա` «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք», Ռոզալյա` «Չանիտայի համբույրը», Ժիկվան` «Տիկին Միսիստրուին», Ռոզը` «Տաքսի-տաքսի», Սաթենիկը` «Իմ զոքանչը» եւ այլն: 1958թ. եղել է հայ հեռուստաթատրոնի հիմնադիրներից մեկը:

Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, արժանացել է բազմաթիվ պատվոգրերի եւ մրցանակների: 2009թ. Լոս Անջելեսում նրան է հանձնվել «Ծիծաղի թագուհի» տիտղոս: 55 տարի եղել է դերասան Կարպ Խաչվանքյանի խաղընկերը: Արժանացել է ԽՍՀՄ վաստակավոր, 1987թ.` ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Արժանացել է նաեւ ՀՀ «Մովսես Խորենացի» ու Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալների:

Երեւանի պատվավոր քաղաքացի է: 2011թ. հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգեւատրվել է ՀՀ 1-ին աստիճանի մեդալով: