Լոռում մարզում այսօր՝ մայիսի 15-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։
NEWS.am-ի՝ Լոռիի թղթակիցը հաղորդում է, որ առավոտյան ժամը 07:30-ին 911 ծառայությունից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Թումանյան քաղաքի տարածքում, մեքենա է ընկել գետը և երկու հոգու գետը քշում է:
Պարզվել է, որ մայիսի 15-ին, ժամը 07:00-ի սահմաններում Սարո Սուքիասյանի վարած «Վազ 21011» մակնիշի ավտոմեքենան, Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու ընկել Դեբետ գետը: Վարորդը հասցրել է ժամանակին դուրս թռչել մեքենայից, բայց մեքենայում եղել է ևս երկու ուղևոր, որոնց գետը քշել տարել է:
Դեպքի վայրում աշխատել են Լոռու փրկարարները, ովքեր դեպքի վայրից շուրջ 15 կմ հեռու՝ գետի մեջ, հայտնաբերել են անհետ կորած ուղևորներից մեկի դին, որը դուրս են բերել Սևանից ժամանած ջրափրկարարները: Մյուս ուղևորի որոնողական աշխատանքները շարունակվում են: Լոռու մարզային փրկարարական վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ փրկարարները գնացել են մինչև Բագրատաշենի սահման, սակայն՝ ապարդյուն։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:











