ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ մայիսի 15-ին, սկսվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանի պաշտպանների ներկայացրած Վերաքննիչ բողոքի քննությունը։
Ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդեց, որպեսզի գործը քննվի վերաքննության կարգով, որը դատարանին հնարավորություն կտա գործն ավելի մանրամասն ուսումնասիրել։
«Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի հետ իմ պաշտպանյալը առերեսվելու ոչ մի հնարավորություն չի ունեցել, մենք նրան հարցեր տալու որևէ հնարավորություն չենք ունեցել ոչ նախաքննության ընթացքում, ոչ դատաքննության ընթացքում»,- ասաց Լուսինե Սահակյանը՝ նշելով, որ եթե Մանյա Ղուկասյանի նախաքննական ցուցմունքը վճռորոշ չափով դրված է դատավճռի հիմքում, ուրեմն իրենք պետք է իրավունք ունենային հարցեր տալ այդ անձին, ինչի մասին են վկայում նաեւ եվրոպական դատարանի համապատասխան նախադեպային որոշումները։
Ըստ Լուսինե Սահակյանի՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում իրենք բազմիցս ապարդյուն փորձել են դատարան վկայության կանչել Մանյա Ղուկասյանին, Վարդան Ղուկասյանին եւ Գեւորգ Ղուկասյանին։
«Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը՝ Սարոյանի նախագահությամբ, շատ կաշկանդված էր Ղուկասյաններից և նրա համար նույնիսկ ծանուցագիր ուղարկելը մեծ խնդիր էր»,- ասաց փաստաբանը:
Միջնորդության քննարկումը հետաձգվեց։ Լուսինե Սակայանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ այն կարող է քննարկել նաև այն փուլում, երբ իրենք բողոքը ներկայացրած կլինեն. «Կարևորը այն է, որը դատարանը այդ միջնորդությունը քննարկելիս օբյեկտիվ որոշում կայացնի»:
Նշենք, որ եւ ամբաստանյալի պաշտպանները, եւ տուժողի իրավահաջորդը դժգոհ են առաջին ատյանի դատարանի որոշումից։ Պաշտպանական կողմը պնդում է, որ Հարություն Սարգսյանը սպանության հետ առնչություն չունի, իսկ սպանվածի մայրը կարծում է, որ դատարանը չի բացահայտել որդու սպանության իրական դրդապատճառները, եւ որ Հարություն Սարգսյանը հանցակիցներ է ունեցել։
Նիստի սկզբում փաստաբանը դատարանին խնդրեց նիստի համար ավելի մեծ դահլիճ տրամադրել, քանի Գյումրիից եկեկ էին մեծ թվով մարդիկ, որոնք դահլիճի փոքր լինելու պատճառով չէին կարողանում ներս մտնել, ինչը դժգոհության պատճառ էր դարձել։
Դատավորը ասաց, որ հետագա դատական նիստերի ժամանակ դա հաշվի կառնի, բայց ներկա պահին դատական նիստերի դահլիճը չեն կարող փոխել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2013թ. ապրիլի 12-ին Գյումրիում սպանվել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն` 27-ամյա Կարեն Եսայանը: Նա առավոտյան դուրս էր եկել եւ չէր վերադարձել: Կարենը գնացել էր ավտոլվացման կետ` մեքենան լվանալու: Կեսօրին ընտանիքի անդամները անհանգստացել եւ դիմել էին ոստիկանության Գյումրիի բաժին: Երեկոյան ժամը 20-ի սահմաններում ոստիկանները Սեւ Ղուլ թաղամասում հայտնաբերել էին «Մերսեդես» մակնիշի մեքենան եւ սպանված Կարեն Եսայանին մի քանի հրազենային վնասվածքներով: Ապրիլի 13-ին նա պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ Քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) եւ 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Այս գործով կալանավորվել էր Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին՝Հարություն Սարգսյանը, որին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 15 տարվա ազատազրկման։











