Թուրքիայի վարչապետի կողմից Սոմայում իր դեմ բողոքող քաղաքացուն բռունցքով հարվածելու հետ կապված նոր մանրամասներ ու նոր տեսագրություն է հայտնվել:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Sozcu պարբերականը, նոր տեսագրությունն արվել է խանութի ներսում, որտեղ որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարվածել է քաղաքացուն:

Նոր տեսագրության մեջ լսվում է, որ Էրդողանը բղավում է. Ինչու ես փախչում, այ Իսրայելի վիժվածք, որից հետո բռունցքով հարվածում քաղաքացուն: Ավելի ուշ քաղաքացուն դաժան ծեծի են ենթարկում վարչապետի թիկնապահները:

 Նշենք, որ Թուրքիայի Սոմայի շրջանում ածխահանքի պայթյունից հետո Էրդողանը մեկնել էր դեպքի վայր, որտեղ նրան բողոքի ակցիաներ են դիմավորել: Երբ ոստիկանները բռնությամբ ձերբակալել էին Էրդողանի դեմ բողոքող մի երիտասարդի, հավաքված քաղաքացիները զայրացել էին ու միացել բողոքի գործողություններին: