Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական վթարի գործով դատական հերթական նիստն այսօր՝ մայիսի 16-ին, կրկին անցնում է լարված մթնոլորտում։ Դատավորը նիստերի դահլիճից չորս ժամով հեռացրեց տուժողներ Արթուր եւ Հայկ Հակոբյաններին եւ Վարդան Պետրոսյանին պաշտպանելու եկած քաղաքացուն, նաեւ նախազգուշացում արեց Վարդան Պետրոսյանին դատարանին չենթարկվելու եւ ելույթը շարունակելու համար (ֆոտոռեպորտաժ

Տուժող կողմի եւ Վարդան Պետրոսյանին սատարելու եկածների միջեւ լեզվակռիվ սկսվեց, երբ դերասանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդեց փոխել դերասանի ֆրանսիացի փաստաբանի համար դատարանի կողմից ներկայացված թարգմանչին՝ պատճառաբանելով, որ թարգմանության անհամապատասխանություն է նկատում։

Ի դեպ, տուժող կողմը դատարան է բերել եւ լրագրողներին էր բաժանում «Արմինիոն» հայ-ֆրանսիական հանդեսից մի էջի պատճենները, որտեղ Վարդան պետրոսյանը մի դրվագ է պատմում իր կյանքից, թե ինչպես են ընկերներով հարբել։ Տուժող կողմը դրանով փորձում էր ապացուցել, որ դերասանը խմելու հանդեպ հակում ունի եւ վթարի պահին էլ ալկոհոլի ազդեցության տակ է եղել։ «Տեսեք՝ ինչ ալկաշն է»,- ասում էր Արթուր Հակոբյանը։

Տուժողի իրավահաջորդ Ռուբեն Բալոյանը միջնորդեց դատարան կանչել եւ հարցաքննել «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկ Համազասպ Գեւորգյանին, քանի որ նրա կողմից ստուգված սթափությունը ստուգող երեք արձանագրությունների միջեւ հակասություն կա այն առումով, որ երկուսի մեջ գրված է, որ ալկոմետրի միջոցով է ստուգվել սթափությունը, իսկ մեկի մեջ գրված է եղել՝ ալկոհոլի հոտ։

«Վարդան Պետրոսյանին խմածության համար չեն մեղադրում, եւ հաստատված  է, որ Վարդան Պետրոսյանը սթափ է եղել»,-ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ նշելով, որ միջնորդությունը ենթակա է մերժման։

Փաստաբանի խոսքերը  առաջացրին տուժող կողմի վրդովմունքը, նրանք սկսեցին տեղից բարձրաձայնել, թե սուտ է ասում եւ դատավորը նախազգուշացրեց տուժող Արթուր Հակոբյանին։

Դատարանը բավարարեց տուժող կողմի միջնորդությունը եւ որոշեց դատարան հրավիրել բժիշկ Համազասպ Գեւորգյանին։

Դատարանին խոսք ուղղեց նաև դերասանի ֆրանսիացի փաստաբան Մարի Լոռ Դոզեն, որը նշեց, որ հաստատված է, որ Վարդան Պետրոսյանը դեպքի օրը ալկոհոլ չի օգտագործել, ուստի միջնորդությունը ուղղակի ժամանակ  է ձգձգում։

Մարի Լոռ Դոզեն միջնորդություն ներկայացրեց, որ փոխեն դերասանի խափանման միջոց կալանքը։

«Խափանման միջոցը ընտրելու ոլորտում Հայաստանը եւ Ֆրանսիան նույն լեզվով են խոսում։ Վարդան Պետրոսյանին կարծես արդեն դատապարտել են եւ այդ պատճառով են կալանքի տակ պահում։ Մեղադրական կողմի համար կարծես թե Վարդան Պետրոսյանը մի սխալ է գործել, այն է՝ ալկոհոլ օգտագործելը, սակայն դա արդեն փաստաթղթերով հաստատվել է, որ այդպես չի եղել։ Եթե արդարադատությունը վշտի գործիք  է դարձել, ապա այն այլեւս արդարադատություն  չէ։ Ես չեմ հասկանում, թե ինչու է նա շարունակում մնալ կալանքի մեջ, եւ այս վիճակը հակասում է Եվրոպայի կոնվենցիային»,-թարգմանչի միջոցով ասաց Մարի Լոռ Դոզեն։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նիստն անցնում է բավական լարված մթնոլորտում տուժողի իրավահաջորդ Աննա Կարապետյանը մերթընդմերթ սպառնում է Վարդան Պետրոսյանի կնոջը, թե՝ «դուրս գամ, ես քեզ կասեմ»։

Հիեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ եւ երթեւեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 եւ 66 կետերի, ինչպես նաեւ «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից դեպի աջ եւ առջեւի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետեւի մասին: Վթարի հետեւանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին եւ էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթեւիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաեւ ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am