19-ամյա Քրիստինեին առեւանգելու համար մեղադրվող Սևակ Սարգսյանի համար դատախազը պահանջում է 4 տարվա ազատազրկում։ Երեւանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր` մայիսի 16-ին, մեղադրող Ավետիս Ափյանը կարդաց մեղադրական ճառը եւ որպես մեղմացուցիչ հանգամանք դատարանին առաջարկեց հաշվի առնել ամբաստանյալի նախկինում դատված չլինելու եւ երեք անչափահաս երեխա ունենալու փաստերը:
Ափյանը նաեւ միջնորդեց ամբաստանյալի պատժաչափից հանել Ռուսաստանում և Բելառուսում 7 ամիս 13 օր անցկացրած ժամանակը: Ամբաստանյալի փաստաբան Անահիտ Եսայանը դատարանից ժամանակ խնդրեց պաշտպանական ճառին պատրաստվելու համար: Դատարանը բավարարեց պաշտպանի խնդրանքը եւ հաջորդ դատական նիստը նշանակեց մայիսի 20-ին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Սեւակ Սարգսյանը 2013թ. նոյեմբերի 1-ին Երեւանում՝ Տիգրան Մեծ պողոտայի «Տաշիր» առեւտրի կենտրոնի եւ HSBC բանկին հարող տարածքից ամուսնության նպատակով առևանգելու շուրջ նախնական համաձայնության գալով հորեղբոր որդու՝ Նորիկ Սարգսյանի հետ, կազմակերպել և իրականացրել է Նորիկի ընկերուհու՝ 19-ամյա Քրիստինեի առևանգումը:
Նախորդ դատական նիստին ամբաստանյալը հայտարարել էր, որ առեւանգումը աղջկա համաձայնությամբ նրա մոր համար կազմակերպված շոու է եղել, ինչպես ինքն էր նշել «հայկական տրադիցիայով»։ Նշենք, որ Նորիկ Սարգսյանն իրեն մեղավոր է ճանաչել, դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, ապա Վերաքննիչ դատարանը նրա նկատմամբ պայմանական պատիժ է նշանակել՝ երկու տարվա փորձաշրջանով:











