Տավուշի մարզի Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5-րդ կմ-ում մայիսի 18-ին՝ ժամը 15:00-16:10-ի սահմաններում, տեղի էր ունեցել սարի մասնակի փլուզում: 150-200 մետր բարձրությամբ  հսկա ժայռաբեկորները, որոնց  ծավալը 250-280 խմ է, երկկողմանի փակել էին ճանապարհը:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ անմիջապես ձեռնարկվեցին համապատասխան միջոցառումներ՝ ճանապարհը ժայռաբեկորներից մաքրելու եւ երկկողմանի երթեւեկելի դարձնելու համար:

Ելնելով արտակարգ իրավիճակից, ինչպես նաեւ կատարվելիք աշխատանքների բարդությունից, բացի այս ճանապարհը սպասարկող «Հաղարծին» ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներից, ճանապարհը մաքրելու  աշխատանքներում ներգրավվել էին նաեւ «Իջեւանի» ճանշինի աշխատակիցները:

Մինչ այդ՝ ժայռաբեկորները մանրացնելու նպատակով պայթեցման աշխատանքներ կատարեցին Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները:

Ճանապարհի մաքրման աշխատանքների ընթացքը տեղում կազմակերպում էր ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը:

Վթարից անմիջապես հետո սկսված եւ ամբողջ գիշեր շարունակված օպերատիվ եւ կազմակերպված աշխատանքների շնորհիվ հնարավոր եղավ սեղմ ժամկետում ճանապարհը մաքրել ժայռաբեկորներից եւ արդեն լուսադեմին այն երկկողմանի երթեւեկելի էր:

Մանրամասները՝ տեսանյութում: