Թանգարանային գիշեր միջոցառման շրջանակում մայիսի 17-ին Երվան Քոչարի անվան թանգարանում բացվել է «Ցուցադրվում են առաջին անգամ» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված էր նաև Երվանդ Քոչարի «Արևելուհիները» կտավի կրկնօրինակը:

«Արևելուհիները» կտավում Քոչարը կոտրում է եվրոպացի նկարիչների կողմից առաջ քաշված այն կարծրատիպը, որ արևելյան կինը միայն երանության մեջ է ապրում և ոչ մի հոգս չունի: «Կտավի ձախ մասում Քոչարը նկարել է կնոջը, որը թվում է, թե երջանիկ է, իսկ աջ մասում դուք կարող եք տեսնել նրա իրական հոգեկան վիճակը` դեմքի տխուր արտահայտություն, ազատության ձգտող աչքեր, իսկ ձեռքին նկարված ժապավենը առաջին հայացքից կարող է զարդ թվալ, բայց այն իրականում խոսում է նրա շղթայված և ինչ-որ մեկի գերին լինելու մասին»,- NEWS.am-ի հետ զրույցում Երվանդ Քոչարի տուն-թանգարանի տնօրեն Լալա Մարտիրոսյան-Քոչարը։

Տիկին Մարտիրոսյանի խոսքով, այս ցուցահանդեսն ինքնատիպ արձագանքն է անցած տարի հոկտեմբերին Փարիզում բացված «Modernité plurielle» (Մոդեռնի բազմազանությունը) ցուցահանդեսին:

«Սա մի հսկայածավալ էպոխային նշանակություն ունեցող ցուցահանդես էր , որտեղ ավանգարդի բազմաթիվ նշանավոր ներկայացուցիչների հետ ներկայացված էր նաև Քոչարի «Արևելուհիները» կտավը, որը, ի դեպ, Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանը ձեռք էր բերել դեռևս 1938թ.»,- նշեց Լալա Մարտիրոսյան-Քոչարը։

Ցուցահանդեսին ներկա Քոչարի թանգարանի աշխատակցին հնարավորություն են տվել Քոչարի «Արևելուհիներ» կտավի հետ միասին լուսանկարել մի քանի այլ կտավներ, որոնք նույնպես ներառվել են երեւանյան ցուցադրության մեջ։

«Քոչարի «Արևելուհիները» կտավը ներառված էր մի սրահում, որը կոչվում էր «Մոդեռն հարճեր», որտեղ ներկայացված էին Մատիսը, Պիկասոն և շատ ուրիշ արվեստագետներ, որոնց հետ ժամանակին Քոչարը մասնակցել է բազմաթիվ միջացառումների: Ստացվեց այնպես, որ 78 տարվա ընդմիջումից հետո Քոչարը կրկին իր արվեստագետ ընկերների շրջապատում է: Այսօր նաև մենք ներկայացնում ենք նրա փարիզյան շրջանի գործունեությունը, ինչպես նաև ավանգարդի մեծերի հետ նրա առնչությունները վկայող բազմաթիվ փաստաթղթեր, վավերագրեր, հազվագյուտ նյութեր: Իսկ այս տարի, քանի որ լրանում է Թանգարանային գիշեր միջոցառման տասը տարին, Ֆրանսիայի Թանգարանային գիշեր միջոցառման Ֆրանսիայի կորդինացնող հանձնախումբը որոշել էր կազմակերպվող միջոցառումների վերնագրում ներառել 10 թիվը, և մեր ցուցադրությունն էլ այսօր անվանել ենք «Քոչարի 10 արևելուհիները», փաստորեն մենք Քոչարի ստեղծած կանացի կերպարներից ընտրել ենք տասը կերպար, որոնցով կազմել ենք մեր ցուցահանդեսը»,- ասաց Լալա Մարտիրոսյան-Քոչարը: