«Ամենայն hայոց թամադայի» անունը հայտնի կլինի սեպտեմբերին, բաժակաճառի մրցույթում հաղթողը նվեր կստանա կոտոշ-գավաթ: Մրցույթը կազմակերպել է Հովհաննես Թումանյանի թանգարանը Թանգարանային գիշերվա շրջանակում։

«Ժամանակին Թումանյանն է կրել այդ տիտղոսը: Ընկերներն են նրան այդպես կոչել: Թումանյանը ժամանակին վրացահայերից որպես թամադա կոտոշ է նվեր ստացել՝  իբրեւ գինու գավաթ: Մրցույթի հաղթողը կստանա  «Ամենայն հայոց թամադա» երկրորդված տիտղոսը եւ այդ գավաթի կրկնօրինակը կլինի հաղթողի մրցանակը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց թանգարանի գիտաշխատող Անի Եղիազարյանը:

Քաղաքացիները կարող են իրենց բաժակաճառերն անձամբ տանել Թումանյանի տուն թանգարան, կամ ուղարկել էլեկտրոնային փոստով ([email protected]):

«Մարդիկ բավականին ակտիվ են: Ավելի շատ էլեկտրոնային տարբերակով են մեզ ուղարկում»,- պատմեց Անի Եղիազարյանը:

Սա Թանգարանային գիշերվա շրջանակում թանգարանի միակ նախաձեռնությունը չէր, նրանք սիրիահայերին թույլ էին տվել թանգարանի մուտքի մոտ տաղավարներ տեղադրել եւ իրենց պատրաստած իրերն ու քաղցրավենիքները վաճառել:

«Բուլ-բուլ գորտի աչք», «Կախարդի քսակ», «Ջեհտեր-մեհտեր», ամենաշատ հաճախորդներն ուներ հրուշակագործ Մայդա Փոշկեզենյանի տաղավարը, որը մարդկանց դեպի տաղավար էր հրավիրում Թումանյանի հերոսներից Գիքորի նման՝ «Էստի համեցեք» կոչերով եւ կատակ երգերով:

«Մենք ենք վարպետ խոհարարներ, ունենք մեզ մոտ կարկանդակներ, եկե՛ք, եկե՛ք մեր սեղանին տեսե՛ք, տեսե՛ք մեր հանճարին, հե˜յ: Այս մեկին մեջ՝ պոպոք, դարչին: Այս բոլորը կատուն կերավ: Ե՛կեք, եկե՛ք մեր սեղանին»,- երգում էր հրուշակագործը:

Նշենք, որ  «Թանգարանային գիշերն» առաջին անգամ անցկացվել է Ֆրանսիայում 1990-ականների վերջին, հետո  միջոցառմանը միացել են Եվրոպայի այլ թանգարաններ: Հայաստանում «Թանգարանային գիշեր» անցկացվում է 2004 թվականից: Ծրագրի նպատակն է այցելուներին  հնարավորություն տալ անվճար այցելել թանգարան եւ նրանց մեջ սեր սերմանել թանգարանների նկատմամբ: