Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական վթարի գործով դատական հերթական նիստին այսօր՝ մայիսի 20-ին, չեն ներկայացել տուժող կողմի իրավահաջորդներ Հայկ եւ Արթուր Հակոբյանները, Էմմա եւ Տաթեւիկ Հակոբյանները: Տուժող կողմի իրավահաջորդի փաստաբան Ռուբեն Բալոյանը տեղեկացրեց, որ նրանք դատական նիստին չեն ներկայացել, քանի որ այսօր երեխաների մահվան յոթերորդ ամիսն է լրանում:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին միջնորդությամբ է հանդես գալիս դերասանի՝ Ֆրանսիայից ժամանած փաստաբան Մարի Լոռ Դոզեն, որին Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդությամբ թարգմանում է Անահիտ Մեսրոպյանը:
Մարի Լոռ Դոզեն դեռ նախորդ նիստին էր սկսել ներկայացնել իր միջնորդությունը՝ կապված Վարդան Պետրոսյանին խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։
Նշենք, որ նախորդ դատին ֆրանսիացի փաստաբանը փորձեց ներկայացնել միջնորդությունը, սակայն թարգմանչի հետ առաջացած խոչընդոտների հետեւանքով դատը հետաձգվեց, իսկ միջնորդությունը մնաց կիսատ:
Հիեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ եւ երթեւեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 եւ 66 կետերի, ինչպես նաեւ «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից դեպի աջ եւ առջեւի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետեւի մասին: Վթարի հետեւանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին եւ էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթեւիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաեւ ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:











